Իջևանի քաղաքապետը հրաժարականի դիմում է ներկայացրել
ՔաղաքականԻջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում հայտնեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:
«Տեղեկությունները ճիշտ են, Իջևանի քաղաքապետն ինձ դիմում է գրել իր պաշտոնական լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ»,- ասաց մարզպետը՝ նշելով, որ օրենքով սահմանված կարգով ներկայացվել է դիմումը:
Հարցին, թե ո՞րն է պատճառը, մարզպետը նշեց, որ չկան պատճառներ․ «Մարդը դիմում է գրել, դեռ պետք է քննարկենք»։
Հրաժարականի պատճառների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար փորձեցինք կապ հաստատել նաև Վարդան Ղալումյանի հետ, սակայն նրա հեռախոսահամարն անհասանելի է։
Հիշեցնենք, որ Վարդան Ղալումյանը Իջևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում էր դեռևս 2011 թվականից, սակայն նկատենք, որ առանձնապես մեծ հեղինակություն չուներ։ Վերջին շրջանում էլ խոսակցություններ են պտտվում, որ Փաշինյանը մտադիր է իր ծննդավայր Իջևանի քաղաքապետ դարձնել իր ընկեր և կնքահայր Հայկ Ղալումյանին՝ նախկին մարզպետ Վահե Ղալումյանի եղբորը: Ի դեպ, վերջիններս էլ քաղաքապետի պաշտոնից արդեն ազատման դիմում ներկայացրած Վարդան Ղալումյանի հեռավոր ազգականներն են: Հայկ Ղալումյանն այժմ Հայէկոնոմբանկի մարզային մասնաճյուղի կառավարիչն է։
Նկատենք նաև, որ ամիսներ առաջ Իջևան համայնքում բողոքի զանգվածային ակցիաներ էին տեղի ունենում՝ կապված ապօրինի անտառահատումների, դրանց արգելքի հետ, և չի բացառվում, որ քաղաքապետի հրաժարականը պայմանավորված է իրադարձությունների շուրջ առաջացած աղմուկով։
Նշենք՝ վերջերս Վարդան Ղալումյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ էր հարուցվել` պաշտոնական դիրքը չարաշահելու հիմքով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Սոնա Հարությունյան