Սեպտեմբերի 8 -ին տեղի կունենա Արփիի «Օրորերգ» ձայնասկավառակի շնորհանդեսը
InterviewsՍեպտեմբերի 8 -ին «Մայր Հայաստան» հուշարձանի սրահներից մեկում տեղի կունենա երգչուհի Արփիի «Օրորերգ» ձայնասկավառակի շնորհանդեսը: Շնորհանդեսից առաջ զրուցել ենք երգչուհու հետ:
-Ինչո՞ւ որոշեցիք օրորոցային երգերով ձայնասկավառակ թողարկել:
- Երբ ծնվեց առաջնեկս, քնեցնելուց միշտ միացնում էի դասական երաժշտություն։ Բայց անընդհատ փնտրուքների մեջ էի: Փնտրում էի օրորոցային երգեր, որոնք կատարված չլինեին օպերային վոկալով: Այդ միտքը հանգիստ չէր տալիս: Ամեն անգամ ինքս ինձ խոստանում էի, որ այդ բացը պետք է լրացնեմ․․․ Հետո արդեն ծնվեց երկրորդ բալիկս: Ժամանակն անցնում էր, և այդ միտքը միևնույն է ինձ հանգիստ չէր տալիս: Ու ահա առաջարկ ստացա Բոստոնում գործող «Ամարաս» կազմակերպությունից. նրանք ցանկանում էին թողարկել օրորոցային երգերի ձայնասկավառակ՝ իմ կատարմամբ: Դե չասեմ, որ արդեն հասել էի երազանքիս իրականացմանը: Ինձ արդեն մնում էր երգերը գտնել: Ես սկսեցի պեղելու գործընթաց՝ գրադարաններ, նոտաներ, հանդիպումներ մասնագետների հետ և այլն: Բուռն աշխատանքային պրոցես և արդյունքում այնքան երգեր հայտնաբերեցինք, որ արդեն չգիտեի՝ որն ընդգրկենք ձայնասկավառակում, որը՝ ոչ: Անգամ մտածում եմ երկրորդ ձայնասկավառակի մասին, քանի որ մեկը մյուսից գեղեցիկ ու մեղեդային երգեր են:
-Քանի՞ երգ է ընդգրկվել և ո՞ւմ ստեղծագործություններն են:
-Ձայնասկավառակում մոտ 14 երգ է ընդգրկված, բայց կան երգեր, որոնք եղել են իմ նախորդ՝ «Գանձեր» ձայնասկավառակում: Այստեղ պարզապես նոր շունչ ենք հաղորդել, քանի որ այդ երգերը նախապատմություն ունեն: Աղջիկս, քնելուց առաջ միշտ ասում էր՝ մա՜մ, միացրո՛ւ «Արորն ու տատրակը», որ քնեմ: Դուք չեք պատկերացնի իմ ուրախությունը: Հասկացա, որ Կոմիտասի այդ հրաշալի երգն էլ պետք է լինի այս ձայնասկավառկում:
-Արփի՛, քո կատարմամբ «Մախմուր աղջիկ» երգը նոր շունչ ստացավ: Այսօր հայ աղջիկները իրենց հարսանեկան պարերը բեմադրում են հենց այդ երգի ներքո: Արդյո՞ք այս երգը ընդգրկվելու է որևէ ձայնասկավառկում:
-Դուք հարսիկներ եք ասում, ես կարող եմ հավելել, որ շատ մայրիկներից նամակներ էի ստանում, թե իրենց երեխան քնում է հենց «Մախմուր աղջիկ» երգի տակ: Հասկացա, որ այդ երգը հանգստացնելու, հոգին ու տրամադրությունը խաղաղեցնելու ուժ ունի, հետևաբար որոշեցի, որ այդ երգը նույնպես կընդգրկվի, բայց դաշնամուրային տարբերակով:
-Երբ ասում են օրորոցային երգ, ես անմիջապես սկսում եմ երգել «Արի՜, ի՛մ սոխակ»: Այդ երգը նույնպես կա՞:
-Այդ երգն էլ կա, բայց բոլորովին այլ երաժշտությամբ: Հերթական օրորացային երգի նոտաներն էի ուսումնասիրում ու պարզեցի, որ այդ նույն բառերի հիման վրա Ալեքսանդր Սպենդիարյանը բոլորովին այլ երաժշտություն է գրել: Երբ առաջին անգամ լսեցի, զարմացա, ու ոչ միայն ես: Դարձյալ շատ գեղեցիկ երգ է ստացվել։ Եվ մի երգի մասին էլ եմ ուզում խոսել, որի հեղինակը ես եմ: Դա ծնվեց մի օր բալիկիս քնեցնելու ժամանակ: Այն ոչ թե օրորոցային է, այլ քնին պատրաստող: Ասենք երեխային օրորոցի մեջ ես դնում, բայց նա միանգամից չի քնում չէ, մի քիչ ոտիկներն է շարժում, թաթիկները, ապա՝ աստիճանաբար տրամադրվում քնելու: Սա քուն բերող երգ է, կոչվում է «Շը՜շշշ - Նա՛ն»:
-Արփի՛, երկար ժամանակ ես աշխատե՞լ ձայնասկավառակի վրա:
-Այո՛, քանի որ անընդհատ աշխատում էի, իսկ ձայնս էլ պիտի հանգստանար: Օրորոցային երգելու համար ձայնդ պիտի կատարյալ վիճակում լինի, որպեսզի կարողանաս փոխանցել այդ հանդարտ ու սիրուն էմոցիաները, երգի ելևէջները: Հիմա անհամբերությամբ սպասում եմ սեպտեմբերի 8-ին: Շնորհանդեսի վայրը պատահական չէ ընտրված. «Մայր Հայաստան» հուշարձանի գողտրիկ սրահներից մեկում հնչելու են «Օրորերգ»–ի երգերը: