Մենք ձեզ նշանակել ենք, որ դուք բացահայտում անեք. իմքայլական պատգամավորին վրդովեցրեց ջրկոմիտեի ղեկավարի ելույթը (տեսանյութ)
ՔաղաքականԱնկեղծ ասած, ինձ թվում էր, թե զարմանալու ընդունակությունս պետք է, որ վաղուց կորցրած լինեի, բայց պարոն Մելքոնյանը, ի պատիվ իրեն, էսօր ստիպեց ինձ զարմանալ։ Այս մասին այսօր ԱԺ իր ելույթում, դիմելով Ջրային պետական կոմիտեի ղեկավար Վարդան Մելքոնյանին, ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը։
Պատգամավորին հատկապես վրդովեցրել էր Մելքոնյանի՝ ջրային կոմիտեի ոլորտում չարաշահումները բացահայտելու մասին արված հետևյալ հայտարարությունը. «Տարիներով կուտակված պարտքերն, այդ չարաշահումները… որ ամեն օր բացահայտենք, ամեն օր կբացահայտենք»։
«Պարոն Մելքոնյան, մենք ի՞նչ մեսիջ ենք տալիս հանրությանը, երբ ասում եք՝ որ ուզենք ամեն օր բացահայտում անել, ամեն օր բացահայտում կանենք։ Անհասկանալի է։ Բացահայտում ունեք՝ արեք։ Մենք ձեզ նշանակել ենք, որ դուք բացահայտում անեք», - հայտարարեց Տիգրան Կարապետյանը։