ԼՀԿ-ն առաջարկում է համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրեններին ընտրել մրցույթով
ПолитическиеՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենի ընտրության համար նվազեցնել համայնքի ղեկավարի կողմից սուբյեկտիվ նշանակման հնարավորությունը, ավագանուն հնարավորություն տալ էական մասնակցություն ունենալ այդ հարցին, արդյունքում՝ ՀՈԱԿ-ի թեկնածուին ընտրել մրցութային կարգով: Տեղական ինքնակառավարման մասին օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ նիստում ներկայացրեց խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը:
«Համայնքապետերն ուղղակիորեն առանց մրցույթի կարողանում էին նշանակել համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրեններին, ղեկավարը որոշում է թեկնածուին, ներկայացնում ավագանու հաստատմանը: Մենք փոփոխում ենք այդ լիազորությունները: Առաջարկում ենք այն նշանակումն անել մրցույթի միջոցով»,- ներկայացրեց Եղիազարյանը:
Մրցույթի արդյունքում ընտրված թեկնածուի նշանակումը կհաստատի կամ կմերժի ավագանին:
Առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում պատգամավորն առաջարկել է լրացում կատարել՝ ներառելով մրցույթի կայացման մեթոդները և ձևաչափը:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը կարևորեց նախագիծը: «Դա արձանագրում է այն կարևոր փաստը, որ արդեն իսկ տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց զարգացման ճանապարհին եկել են մի վիճակի, որ ՀԱՈԿ-ների մեծ մասում մրցութային կարգով ղեկավար ընտրելու անհրաժեշտություն կա: Գործընկերների հետ հարցը շատ մանրամասն ենք քննարկել »,- ասաց Տերտերյանը:
Սակայն կառավարությունն առաջարկել է, որ այն դրույթները, որոնք պետք է լինեն մրցութային գործընթացը կարգավորելու ընթացքում, տեղափոխել այլ ենթաօրենսդրական կարգավորումների դաշտ: