Կրակոցներ Խոր Վիրապ վանքի տարածքում. Այնթապ գյուղի 28-ամյա բնակիչը հայտնաբերվել և բերման է ենթարկվել
ՀասարակությունԱյսօր՝ սեպտեմբերի 10-ին, կրակոցներ են հնչել Արարատի մարզում: Ժամը 16:25-ի սահմաններում ոստիկանության Արարատի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Խոր Վիրապ վանքի ավտոկայանատեղիում անհայտ անձը իր մոտ եղած ատրճանակից մի քանի կրակոցներ է արձակել և ավտոմեքենայով հեռացել:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են 3 հատ կրակված պարկուճ և մինչ դեպքի վայրի զննություն էին կատարում ոստիկանության Արարատի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչներ՝ ավագ հետաքննիչ Վահե Սահակյանի գլխավորությամբ, ոստիկանների մյուս խումբը ՝ Վ. Աղգաշյանի և Ա. Տեր-Մարտիրոսյանի գլխավորությամբ, պարզել, են, թե կրակելուց հետո ուր է ճողոպրել «հերոսը»:
Ոստիկանները նրան, ով կրակոցներ արձակելուց հետո Nissan March մակնիշի 96 CO 777 համարանիշի ավտոմեքենայով հեռացել էր դեպքի վայրից, հայտնաբերել են Փոքր Վեդի գյուղի վարչական տարածքում և նրան՝ Այնթապ գյուղի բնակիչ, 28-ամյա Հայկ Ստեփանյանին բերման են ենթարկել ոստիկանության Արարատի բաժին:
Նրա մոտ հայտնաբերվել է նաև ՊՄՌ 9մմ գազային ատրճանակ, որը հետաքննիչի կողմից առգրավվել է:
Փաստի առթիվ հետաքննիչ Վ. Սահակյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: