Հանրաքվեի արդյունքում մեր թիմը պարտություն չի կրի. Հովիկ Աղազարյան

«Ամուլսարի շահագործման մասին մեր դիրքորոշումը հանրության լայն շրջանակների համար, եթե անընդունելի լինի, ապա կարող է հանգեցնել հանրաքվեի: Հանրաքվեի արդյունքում, եթե օրինակ՝ անվստահություն արձանագրվի իշխանությունների նկատմամբ, ապա մենք կարող ենք կազմակերպել ԱԺ արտահերթ ընտրություններ, որի ժամանակ քաղաքական ուժերը կներկայացնեն իրենց հստակ տեսակետը՝ Ամուլսարի ճակատագրի հետ կապված: Ժողովուրդն էլ կկատարի իր որոշումը»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց իմքայլական պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
Պատգամավորն անդրադարձավ նաև կառուցողական ընդդիմություն իրեն անվանած քաղաքական գործիչ Ժիրայր Սեֆիլյանի պնդմանը, թե կա արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն, և որ կառավարությունը ղեկավարվում է ինչ-որ արտաքին ուժերի կողմից, սակայն վերջինս այդ մտքի հետ համաձայն չէ:
Նա վստահեցնում է՝ ոչ մի արտաքին ուժ չկա, և հեղափոխության հաղթանակը դրանով է պայմանավորված․ «Այդ անհանգստությունը չկա, ես չեմ կիսում Ժիրայր Սեֆիլյանի տեսակետը, որ հաջորդ տարի պետք է արտահերթ ընտրություններ լինեն»:
Ժիրայր Սեֆիլյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպման մասին խորքային գնահատական տալ պրն. Աղազարյանը չցանկացավ. «Եթե հանդիպումը կայացել է, ուրեմն վարչապետը դրա անհրաժեշտությունը գտել է»։
Այն հարցին, թե հանրաքվեից ինչպիսի արդյունք է ակնկալում, Հովիկ Աղազարյանը պատասխանեց. «Իմ տպավորությամբ՝ իշխանության նկատմամբ վստահության մակարդակը բավականին բարձր է, հանրությունը կարող է իմ կամ որևէ մարզպետի նկատմամբ անվստահությամբ լցվել, բայց վարչապետի վարկանիշը մնա բարձր, չեմ կարծում, թե հանրաքվեի դեպքում մեր թիմը պարտություն կրի»,- ասաց նա: