Կոչ եմ անում անհիմն տագնապներ չսերմանել հասարակության մեջ. Արսեն Թորոսյանը` Սոֆյա Հովսեփյանին
ԲլոգոսֆերաԱռողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի գրառմանը, որում պատգամավորը հրապարակել էր իր հարցման արդյունքը` գարդասիլ պատվաստանյութի ստիպողական կիրառման հերքման կամ հաստատման մասին։ Հովսեփյանը նաև կոչ էր արել քաղաքացիներին, որ եթե որևէ պոլիկլինիկայում պարտադրեն պատվաստվել, ապա անմիջապես կապվեն իր հետ։
«ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանին տեղեկացնում եմ, որ պատվաստումները արդեն 200 տարի է կյանքեր են փրկում և ոչ թե՝ հակառակը, ինչպես կարող է թվալ վերջինիս գրառումից։ Եվ ամենևին կարիք չկա որևէ մեկի հետ կապվել այդ կյանք փրկող միջամտության կապակցությամբ և սենսացիա դարձնել իմ արդեն սովորական պատասխանը այս հարցի շուրջ։
Տիկին Հովսեփյանին կոչ եմ անում տուրք տալ ապացուցողական բժշկությանը և գիտությանը և անհիմն տագնապներ չսերմանել հասարակության մեջ»,- գրել է Թորոսյանը։
Արսեն Թորոսյանի գրառմանն ի պատասխան` Սոֆյա Հովսեփյանը գրել է.
«Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը այս կոչն է ուղղել ինձ այն բանից հետո, երբ ես հրապարակել եմ իմ հարցման արդյունքը գարդասիլը պատվաստանյութի ստիպողական կիրառման հերքման կամ հաստատման մասին։ Ցավն այն է, որ պարոն Թորոսյանը շեղել է իմ ֆեյսբուքյան գրառման միտքը, որին հետևել է մի շարք ինքնահաստատման խնդիր ունեցողների կողմից անձս վիրավորող և վարկաբեկող գրառումներ։ Պարոն Թորոսյան, ես կատարել եմ այն ինչի իրավունքն ունեմ` դարձնել տեղեկացված քաղաքացիներին, ովքեր պարբերաբար ինձ այդ մասին ահազանգել են։ Կոչ եմ անում չխեղաթյուրել իմ գրառման միտքը, քանի որ ոչ թե հորդորում եմ չպատվաստվել, այլ հորդորում են ստիպողաբար կիրառմանը չենթարկվել, քանի որ այն պետք է լինի կամավոր»։