Ասաց՝ թուրք, բալիդ թաղեմ՝ հարվածեցի
ՔաղաքականԵրեկ «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանին բերման են ենթարկել մարմնական վնաս հասցնելու մեղադրանքով:
Այսօր լրագրողների հետ զրույցում Արամ Հարությունյանը նշեց, որ բերման է ենթարկվել՝ մի կնոջ հարվածելու համար: «Ես և Սարգիս Ավետիսյանը, երբ դուրս էինք գալիս շենքից, թե՛ տղամարդիկ և թե՛ կանայք մեր հասցեին վատ բառեր էին ասում, մասնավորապես, արտաբերում էին՝ թուրք, թուրք և ավելի վատ բառեր: Սկզբից փորձում էի ուշադրություն չդարձնել, բայց երբ ավելի մոտեցան ու ասացին՝ թուրք բալիդ թաղեմ, սահմանն անցան ու ես հարվածեցի»,- ասում է Հարությունյանը:
Ըստ նրա՝ կատարվածն ուղղակի սադրանք է եղել: Նույնիսկ նկատեց, որ նույն կերպ, նույն իրավիճակը մարտի 1-ին է եղել: «Ես մարդկայնորեն ինձ վատ եմ զգում իմ արարքի համար: Բայց պատկերացրեք, այդ կինը, որ նույնիսկ գրել չգիտի, դատարան է եկել ու դիրքորոշումն է ցույց տալիս, և չպետք է թույլ տանք, որ այդ մարդիկ դառնան գործիք»:
Արամ Հարությունյանի խոսքով՝ ոստիկանությունը չպետք է թույլ տար, որ բանը հասներ դրան, քանի որ իրենց խնդիրն է հասարակական կարգը պաշտպանելը: Հարությունյանը ցավով է նշում, որ այսօր Ոստիկանապետը քայլեր չի անում, որպեսզի ոստիկանի պատիվը բարձր պահի:
Արամ Հարությունյանն ասուլիսի ընթացքում անդրադարձավ նաև Ռոբերտ Քոչարյանի դատավարությանը: Նա կարծում է, որ գործընթացը թեև Նիկոլ Փաշինյանի ձեռքով է արվում, բայց ամենի ետևում կանգնած է Լևոն Տեր Պետրոսյանը և իր խանդը, ով Քոչարյանի օրոք տեսավ՝ կարելի է պետությունը զարգացնել առանց տարածքներ տալու: