Քաղաքացիների կյանքում շատ բան չի փոխվելու. Սեյրան Սարգսյանը` բանկային գաղտնիքի օրենքի փոփոխության մասին
InterviewsՍեպտեմբերի 12-ին Կառավարությունը ընդունեց ՀՀ «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում և ՀՀ «Քրեական դատավարության օրենսգրքում» առանցքային փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծ։ Գործող օրենսդրությամբ բանկային գաղտնիքը դատարանի որոշմամբ կարող է խախտվել միայն քրեական գործով որպես մեղադրյալ կամ կասկածյալ ներգրավված անձանց նկատմամբ: Առաջարկվող փոփոխությամբ բանկային գաղտնիքը դատարանի որոշմամբ կարող է խախտվել արդեն յուրաքանչյուր անձի նկատմամբ:
Այս նախագիծը հանրության շրջանում քննարկումների, տեսակետերի բախման պատճառ դարձավ: Որոշ տնտեսագետների, իրավաբանների կարծիքով` օրենքի փոփոխությունը թե՛ բանկային համակարգի, թե՛ քաղաքացիների համար վտանգներ է պարունակում:
Թեմայի շուրջ ԼՈւՐԵՐ.com-ը զրուցել է Հայաստանի Բանկերի Միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանի հետ:
-Ի՞նչ ռիսկեր է պարունակում օրենքի նախագիծը, քաղաքացիներն իրո՞ք մտահոգվելու առիթ ունեն:
-Քաղաքացիների կյանքում շատ բան չի փոխվելու, մեր բանկերի հաճախորդները կարող են հանգիստ լինել, որ իրենց վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկատվությունը պահպանված է, դրանց տրամադրումը կանոնակարգված է և անհանգստանալու որևէ առիթ չունեն: Նախագծով նախատեսվում է, որ կասկածյալ կամ մեղադրյալ չներգրավված անձանց վերաբերյալ դատարանի վճռի հիման վրա կարող է որոշակի տեղեկատվություն տրամադրվել, բայց միևնույն ժամանակ այդ տրամադրվող տեղեկատվության վրա լրջագույն սահմանափակումներ են ներկայացված: Տեղեկատվություն տրամադրելու շրջանակը շատ նեղացված է:
-Կարծիքներ հնչեցին, թե գումարներ կարտահոսեն բանկերից, մարդիկ կկորցնեն վստահությունը հայկական բանկային համակարգի նկատմամբ: Կտուժեն նաև բանկերը: Դուք ի՞նչ կասեք այս մասին:
-Օրենքի փոփոխությունից չեն տուժում ոչ բանկերը, ոչ էլ առավել ևս մեր հաճախորդները, նորից եմ ասում՝ ռիսկեր ու վտանգներ չկան: Ավելի ռիսկային են թեմայի շուրջ ոչ օբյեկտիվ, ոչ մասնագիտական կարծիքներն ու քննարկումները, որոնք անհիմն անվստահություն են ձևավորում և վախ են ներշնչում մեր քաղաքացներին: Մենք դեռևս 1996 թվականից ունենք բանկային գատնիքի մասին օրենքը, դա մեծ ձեռքբերում է բանկային համակարգում: Տարիների ընթացքում հաճախորդների ու բանկերի միջև ձևավորվել է վստահության մթնոլորտ և այս օրենքը ոչինչ չի փոխի:
-Որոշ իրավաբանների պնդմամբ օրենքի ընդունումով կխախտվեն հաճախորդների իրավունքները: Հարցը նեղ մասնագիտական առումով գուցե ձեր տիրույթում չէ, բայց հետաքրքիր է լսել ձեր տեսակետը:
-Ե՛վ օրենքի հեղինակները, և՛ մենք հստակ գիտակցում ենք, որ մարդկանց հիմնարար իրավունքներն ու ազատությունները գերակա են և պետք է պաշտպանված լինեն: Հենց սրանով է պայմանավորված այն փաստը, որ տեղեկատվություն ձեռք բերելու համար սահմանվել են չափորոշիչներ, որոնք նախ բավականին շատ են, ապա նաև հիմնավոր են, բայց նաև շատ կարևոր է, որ մեր դատարանները ճիշտ մեկնաբանեն այդ չափորոշիչները, և արդեն օրենքի կիրառման փուլում օրենքից շեղումներ չլինեն:
-Օրենքի նախագծերը սովորաբար նախնական քննարկման փուլ են անցնում, դուք մասնակցե՞լ եք քննարկումներին: Եվ արդյո՞ք հիմա չկան բացեր ու թերացումներ, որոնք կուզեիք շտկել կամ լրացնել:
-Այո, այս նախագիծը քննարկումների երկարատև փուլ է անցել, որին մասնակցել ենք նաև մենք: Դեռևս տարեսկզբից այս նախագիծը հղկվել է, տարբեր շահառու կողմեր մասնակցել են քննարկումներին, վերացվել են նկատված ռիսկերը, ձևակերպումներ են հստակեցվել: Մեր բոլոր դիտողություններն ու անհանգստությունները հայտնել ենք դեռ քննարկման փուլում, դրանց հիման վրա նույնպես եղել են փոփոխություններ, հստակեցումներ: Կառավարության նիստում ներկայացվել է արդեն հղկված ու լավ մշակված տարբերակը:
Աիդա ԿԻՐԱԿՈՍՅԱՆ