Ամուլսարի հարցը մնացել է իշխանության կոկորդին․ Արմեն Վարդանյան
ИнтервьюՀՀ իշխանությունների համար Ամուլսարի հարցը բավականին բարդ է ու կարող է ներքաղաքական լարվածության պատճառ դառնալ, ունենալ քաղաքական հետևանքներ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց քաղաքագետ Արմեն Վարդանյանը:
«ՀՀ իշխանությունն արդեն որոշ է, որ Ամուլսարը պետք է շահագործվի: Իհարկե, դա միանշանակ չի ընկալվի հասարակության կողմից: Բայց, այնուամենայնիվ, դժվար թե Փաշինյանի հրաժարականի պատճառը դառնա»,- ասաց քաղաքագետը:
Ըստ նրա՝ Փաշինյանը ամեն կերպ փորձում է իրավիճակը մեղմացնել, ժամանակ շահել: «Հակառակ կողմը դժվար նահանջի, ենթադրում եմ, որ ոստիկանների միջամտությունը անխուսափելի կլինի։ Իսկ եթե Փաշինյանը ուժ կիրառի, ապա դա կազդի նրա վարկանիշի վրա»,- ասաց բանախոսը:
«Ամուլսարի հարցը լուրջ է: ՀՀ-ն ունի միջազգային պարտավորություններ, ՀՀ-ում կարող են ներդրումներ չանել»,- ասաց քաղաքագետը: Ըստ նրա՝ խնդրի լուծումն ունի միայն մեկ ճանապարհ և դրանից գոհ կմնա կողմերից միայն մեկը։
Ըստ բանախոսի՝ Ամուլսարն այն հարցն է, որն իշխանության կոկորդին է մնացել: Ընդդիմադիր ուժերը կարող են բողոքել։ Նա չի բացառում, որ հնարավոր է հենց այս խնդիրը դառնա ներքաղաքական ճգնաժամի պատճառ: Իհարկե, դեռ չի դարձել, բայց հնարավոր է դառնա:
«Ամուլսարի շահագործմանը դեմ պայքարող մարդիկ միատարր չեն՝ բնապահպաններ, հասարակական գործիչներ, անհատներ: Այսինքն՝ Ամուլսարի պաշտպանները տարբեր թևերի ներկայացուցիչներ են: Հետևաբար, այս իրավիճակում իշխանության տապալման խնդիր չկա։ Փաշինյանը կունենա վարկանիշի անկում, բայց դժվար թե հրաժարական տա կամ կորցնի իշխանությունը»,- ասաց քաղաքագետը:
Բանախոսը անդրադարձավ նաև Ռ. Քոչարյանի դատավարությանը՝ նշելով, որ Ռուսաստանը պահանջում է ազատ արձակել նրան, բայց Փաշինյանը դժվար զիջումների գնա: Ռուսաստանը ընդգծված համակրանք ունի Քոչարյանի նկատմամբ,- նշեց բանախոսը: Հնարավոր է նաև, որ Ռուսաստանը փորձում է ճնշում գործադրել իշխանության վրա,- իր խոսքն ամփոփելով՝ ասաց քաղաքագետը: