Որ երկրում է գտնվում Լևոն Սարգսյանը եւ արդյոք նա ենթակա է արտահանձման. Hraparak.am
ПолитическиеՕրերս 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Լեւոն Սարգսյանին նոր մեղադրանք առաջադրվեց։ Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարության ընթացքում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առիթով քննվող քրեական գործի շրջանակում ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 311-2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նրան մեղադրյալ ներգրավելու մասին որոշում է կայացվել։
Դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է կալանավորումը, սակայն նա շարունակում է գտնվել հետախուզման մեջ։ Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ Լեւոն Սարգսյանը Լիբանանում է։
Շրջանառվող լուրերի համաձայն՝ նա գտնվում է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութից բավական հեռու գտնվող մի առանձնատանը, որը պատկանում է վերջինիս վաղեմի ընկերոջը՝ Լիբանանի էներգետիկայի նախկին նախարար, հայազգի Արթուր Նազարյանին։
Այս լուրից հետո Արտաքին գործերի նախարարությունից Hraparak.am-ը հետաքրքրվել է, թե արդյոք Լիբանանի հետ ունենք հանձնման համաձայնագիր, մեզ այնտեղից տվեցին բացասական պատասխան։
Նաեւ խնդրեցինք փոխանցել, թե որ երկրների հետ արտահանձման համաձայնագիր ունենք։ Ըստ այդմ՝ հանձման պայմանագիր ունենք 8 երկրի՝ Արաբական Միացյալ Էմիրությունների, Բուլղարիայի Հանրապետության, Եգիպտոսի Արաբական Հանրապետության, Իրանի Իսլամական Հանրապետության, Սիրիայի Արաբական Հանրապետության, Վրաստանի, Ուկրաինայի եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ։
Գլխավոր դատախազությունից էլ հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է լինում, երբ որեւէ երկրի հետ հանձման պայմանագիր չենք ունենում, փոխանցեցին մեզ․ «Փաստաթղթային կարգավորումը ԱԳՆ-ն է կատարում՝ փոխադարձ պայմանավորվածությամբ»։