Ոստիկանությունում օրեցօր պարգևատրվողների թիվն ավելանում է. Վալերիյ Օսիպյան (տեսանյութ)
ВидеоՍեպտեմբերի 14-ին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանի հրամանով տարբեր ստորաբաժանումների շուրջ յոթ տասնյակ ծառայողներ պարգեւատրման էին ներկայացել: Հանդիսավոր նիստը վարում էր Վալերիյ Օսիպյանը: Մասնակցում էին ոստիկանության պետի տեղակալները, տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ:
Ողջունելով ներկաներին` Վալերիյ Օսիպյանը շնորհավորեց պարգեւատրմանն արժանացած ոստիկաններին:
«Ինձ ուրախացնում է այն փաստը, որ օրեցօր պարգեւատրվողների թիվն ավելանում է, ինչը ողջունել է եւ վկայում է, որ համակարգում բարեխիղճ աշխատողներ շատ կան: Հասարակական կարգի ապահովումը, հանցագործությունների նախականխումը, կանխումը եւ բացահայտումը մեր ծառայողական պարտականություններն են: Բայց ոստիկանության ղեկավար կազմը որոշել է, որպեսզի ձեզ գնահատված զգաք, լրացուցիչ պարգեւավճարներ տրամադրել: Ավելին այսօր, ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտմանը գործուն աջակցություն ցուցաբերած ոստիկաններից զատ պարգեւատրվում են նաեւ նրանք, ովքեր անձնական ունեցվածքի գողության դեպքեր են բացահայտել: Կարծում եմ` այս մոտեցումը կպարտավորեցնի ձեզ ոչ միայն լավ ծառայել, այլեւ կօգնի առանց կոռուպցիոն ռիսկերի բարեկեցիկ դարձնել ձեր կյանքը»,-ասաց ոստիկանության պետը:
Ծրարներում նշված են ծառայողի բացահայտած հանցագործության տեսակն ու պարգեւատրման չափը: Գումարները կփոխանցվեն նրանց հաշվեհամարներին:
Ամփոփիչ խոսքում Վալերի Օսիպյանը նշեց. «Այսօր ծառայողի աշխատանքն է պարգեւատրման, առաջխաղացման գրավականը»: Եվս մեկ անգամ շնորհավորելով խրախուսվողներին՝ ոստիկանության պետն ընդգծեց, որ լրացուցիչ պարգեւավճարների տրամադրումը շարունակական է լինելու: