«Արփի լիճ» ազգային պարկում տեղադրվել են տեսահսկման սարքեր
Հասարակություն«Արփի լիճ» ազգային պարկում ավարտվել է ներքին ցանցի ձևավորման աշխատանքների առաջին փուլը, որով պարկի տարածքում տեղադրված տեսախցիկների մեծ մասը միացվել է տեսահսկողության միասնական ցանցին: Սա հնարավորություն է տալիս էականորեն բարձրացնել կապի որակը, հետևաբար՝ նաև պարկի պահպանության և կառավարման մակարդակը:
Պարկում դեղին կոկոռի պոպուլյացիայի պահպանության համար նախորդ տարի կառուցվել են պատվարներ, հիմնվել է նաև ջերմոց: Այս, ինչպես նաև այլ աշխատանքներ իրականացնելու համար Կովկասի բնության հիմնադրամը /CNF/ 2019 թ. ֆինանսական տարվա համար «Արփի լիճ» ազգային պարկին փոխանցել էր 40 հազար եվրո, առաջիկա օրերին նախատեսվում է նույն չափի երկրորդ փոխանցումը: «Հատկացված գումարներով պետբյուջեի հետ համաֆինանսավորվում են ազգային պարկի ընթացիկ ծախսերը, մասնավորապես, գումարներն ուղղվում են աշխատակիցների աշխատավարձերի բարձրացմանը և հավելավճարներին, գնվել են վառելիք, պահեստամասեր, արտահագուստ, վճարվել են կոմունալ և այլ ծառայությունների գումարները, ձեռք են բերվել տեսախցիկներ, ներդրվել են նորարարական տեխնոլոգիաներ, կատարվել են այլ ծախսեր, որոնք անհրաժեշտ են ազգային պարկի արդյունավետ աշխատանքի համար»,- տեղեկացրեց Կովկասի բնության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արման Վերմիշյանը՝ հավելելով, որ CNF-ի միջոցներով «Արփի լիճ» ազգային պարկի վարչական շենքի տանիքին տեղադրվել են արևային էներգիայի ստացման համակարգեր, մասնավորապես, էլեկտրաէներգիա գեներացնող արևային էլեկտրակայան և տաք ջրի ստացման արևային ջերմային կայան: Համակարգը ավելի քան 25 տարի կարող է ծառայել՝ ապահովելով ֆինանսների խնայողություն և մեծապես նպաստելով շրջակա միջավայրի պահպանությանը: Սեպտեմբերին կայանը միացվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ին: «Մենք հիմնադրամի առաջին իսկ օրվանից աշխատել ենք «Արփի լիճ» ազգային պարկի հետ: Մինչ այսօր մոտ կես միլիոն եվրո գումար ներդրում ենք այստեղ իրականացրել և ֆինանսավորել ենք հիմնականում ընթացիկ ծախսերը, դրա շրջանակում իրականացրել ենք նաև զարգացման ծախսեր՝ ջերմոց, արևային ջերմային կայան, տեղադրվել տեսախցիկներ և այլն: Հաջորդ փուլի համար պետք է ավելի ու ավելի զարգացնենք տեսահսկման համակարգը: Այն փորձը, որ մենք իրականացրինք՝ ներքին ցանցի ստեղծմամբ, ուժեղացնելու ենք՝ դրան պետք է ավելացնենք անօդաչու սարքեր, ֆոտաթակարդներ և, անհրաժեշտության դեպքում, սենսորային համակարգեր»,- նշեց Արման Վերմիշյանը՝ հավաստելով, որ սրանով որսագողությունը կպակասի: «Բնականաբար, ասել, որ 100 տոկոսով որսագողությունը կբացառվի սխալ կլինի, քանի որ հատկապես գիշերով դա դժվար է, բայց այն, որ էականորեն որսագողությունը կնվազի, դա հստակ է»:
Տեղադրված տեսախցիկներն աշխատում են ներքին ցանցով: Դրանք եզակի են այն առումով, որ չեն խանգարում էկոհամակարգին և բնապահպանության գոտուն, չեն խանգարում թռչուններին ու միջատներին նորմալ բազմանալ ու տեղաշարժվել: «Այս պահին «Արփի լճում» տեղադրել ենք 5 կետ, որոնք անխափան աշխատում են արդեն 1 ամիս: Ծրագիրը պիլոտային է: Հետագայում ունենք պահպանվող գոտու հսկվող տարածքը մեծացնելու հնարավորություն, որը կհեշտացնի էկոհամակարգի բազմացման մոնիտորինգը և կկանխի որսագողությունը: Տեսախցիկների միջոցով աշխարհի ցանկացած կետից հնարավոր է վերահսկել տարածքը: Ի դեպ, հաշվի առնելով տարածքի բնակլիմայական պայմանները՝ անտենաներն աշխատում են – 55 մինչև + 55 աստիճան ջերմաստիճանի, իսկ տեսախցիկները -45-ից +45 աստիճանի դեպքում: Հուսանք՝ այս պիլոտային ծրագիրը կդառնա լուրջ շարունակական ծրագիր»,- տեղեկացրեց տեսահսկման համակարգի պատասխանատու Ռուբեն Աղաջանյանը:
Կովկասի բնության հիմնադրամը 10 տարի արդեն Հայաստանում աջակցություն է ցուցաբերում բնության հատուկ պահպանվող տարածքներին: Ներկայում կառույցն աշխատում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում, «Զանգեզուր» կենսոլորտային համալիրում, «Դիլիջան» և «Արփի լիճ» ազգային պարկերում, Արփա, նախկին՝ Գնիշիկ պահպանվող լանդշաֆտում:
«2017 թվականից սկսած բավական լուրջ աշխատանքներ են իրականացվել Կովկասի բնության հիմնադրամի կողմից: Հիմնադրամի միջոցներով տեղադրված տեսահսկման համակարգը բավական հեշտացրել է մեր տեսուչների աշխատանքը, մյուս ամենալուրջ ծրագիրը արևային համակարգի ու ջրատաքացուցիչների տեղադրումն է: Ներկա պահին ուսումնասիրում ենք լճի պաշարները՝ հասկանալու, թե ինչ կա այնտեղ, քանի որ երկար ժամանակ լիճը չի ուսումնասիրվել, և լճի կենդանական աշխարհի վերաբերյալ լուրջ տեղեկատվություն չունեք: Արդյունքները կունենանք մինչև հոկտեմբերի վերջ»,- նշեց «Արփի լիճ» ազգային պարկի տնօրեն Հովսեփ Սիմոնյանը:
«Արփի լիճ» ազգային պարկը ստեղծվել է 2009 թվականին։ Գտնվում է Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում։ Ազգային պարկը զբաղեցնում է 21179 հա տարածք։ Ազգային պարկն ստեղծվել է Ջավախք-Շիրակ բարձրավանդակի կենսաբազմազանության պահպանման համար։ Այստեղ է գտնվում հայկական որորի ամենամեծ գաղութն աշխարհում: Ազգային պարկը գանգրափետուր հավալուսնի միակ բնակավայրն է Հայաստանում և Դարևսկու իժի միակ ապրելավայրն աշխարհում:
Տարածքում կան շուրջ 670 տեսակի բույսեր, այն ապրելավայր է 255 տեսակ ողնաշարավոր կենդանիների համար: