Վթար՝ Վարդենյանց լեռնանցքում․ տուժածներից մեկի վիճակը ծանր է
ОбществоՍեպտեմբերի 17-ին՝ ժամը 17:15-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Վարդենյանց լեռնանցքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 95-րդ կմ-ին «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գեղամ Ք., ծնված 1984 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ուղևորը՝ 1952 թ. ծնված Գագիկ Ք.-ը, տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Մարտունու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ Գեղամ Ք.-ին, ով հոսպիտալացվել է Մարտունու ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: