Հակոբ Արշակյանն անդրադարձել է իշխանության վերջին կադրային փոփոխություններին
ՔաղաքականԿադրային փոփոխություններն արվում են աշխատանքային կարգով և այս դրությունից իշխանությունը դուրս է եկել ուժեղացած: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես կբացատրի Վալերի Օսիպյանին ոստիկանապետի պաշտոնից ազատելն ու խորհրդական նշանակելը: «Նորմալ իրավիճակ է, երբ գործատուն իր աշխատակցի աշխատանքից գոհ չի լինում և որոշում են բաժանվել։ Ընդհանրապես, աշխատանքի տարբեր ուղղություններ և տարբեր պատասխանատվություններ կան: Այդ առումով չէի ուզենա մեկնաբանել: Դրանք տարբեր աշխատանքներ են, մի մարդը մի տեղում լավ է աշխատում, մյուս տեղում այդքան էլ լավ չի աշխատում, մեզնից յուրաքանչյուրն այդպիսի հատկություններ ունի։ Որևէ մեկին կարելի է մի տեղ նշանակել ու նա արդյունավետ աշխատի, իսկ մեկ այլ տեղ այդքան էլ արդյունավետ չաշխատի»,- ասաց Հակոբ Արշակյանը։
Նախարարը հրաժարվեց մեկնաբանել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի տեքստի բովանդակությունը՝ նշելով, որ մեկնաբանության համար ավելի լավ է դիմել հենց Վանեցյանին։
Հարցին՝ իսկ իր աշխատանքից գո՞հ է իր գործատուն, Հակոբ Արշակյանը պատասխանեց՝ «Հուսամ»: