Ի՞նչ խորհուրդներ է տալու Վալերի Օսիպյանը վարչապետին
PoliticalԵրբ պարոն Օսիպյանի հետ հանդիպեք, հարցրեք, հարցն իրեն է ուղղված։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչ խորհուրդներ է տալու վարչապետին արդեն նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որի գործունեությունից վարչապետը դժգոհ էր:
«Եթե մի ուղղությամբ, մի գործառույթի շրջանակներում կան որոշակի հարցադրումներ, դա չի նշանակում, որ թիմի անդամը կամ այն պաշտոնյան, որին ղեկավարությունը վստահում է, չի կարող մեկ այլ ուղղությամբ օգտակար լինել և իրականացնել պատշաճ մակարդակի գործունեությունը»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե պետական կառավարման համակարգում չկա՞ն այլ պաշտոնյաներ, նախարարներ, որոնց նկատմամբ վարչապետը կասկածներ ունի և ցանկանում է պաշտոնանկ անել, Վլադիմիր Կարապետյանը պատասխանեց. «Եթե շարունակում են պաշտոնավարել, ի՞նչ կասկածի մասին է խոսքը: Ուրեմն ունեն վարչապետի վստահությունը»: