Գավառ քաղաքում սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվում է երեք փողոց
ArmeniaԳավառ քաղաքի Արծրունի եղբայրներ, Դաշտոյան և Թումանյան փողոցներում ՀՀ կառավարության կողմից հաստատված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում մեկնարկել են ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգման աշխատանքները:
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 138 միլիոն դրամ, որի 60 տոկոսը ներդրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը:
Արծրունի եղբայրներ, Դաշտոյան և Թումանյան փողոցներում ասֆալտապատվելու է 1,6 կիլոմետր ընդհանուր երկարության ճանապարհ՝ շուրջ 11 հազար 300 քառակուսի մետր մակերեսով: Շինարարական աշխատանքները մեկնարկել են սեպտեմբերի 9-ից և կավարտվեն մինչև այս տարվա դեկտեմբեր:
Գավառի քաղաքապետարանից ստացված տեղեկատվության համաձայն՝ վերոնշյալ փողոցներում հիմնանորոգման աշխատանքներ չեն իրականացվել ավելի քան երեսուն տարվա ընթացքում: