Տիգրան Ավինյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավարին
ՔաղաքականՀայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանը սեպտեմբերի 19-ին ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար Գայել Ասայագին ու Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնատան Լաքոթին:
Ինչպես հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, փոխվարչապետը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների շարունակական ամրապնդումը տարբեր ոլորտներում: Դեսպան Լաքոթը կարևորել է փոխվարչապետի գրասենյակի հետ հաստատված արդյունավետ համագործակցությունը:
Զրուցակիցները քննարկել են Վեդիի ջրամբարի կառուցման հետ կապված ընթացիկ հարցեր: Ջրամբարը կառուցվում է ԶՖԳ հետ համագործակցությամբ՝ վարկային ծրագրի շրջանակներում ու հանդիսանում է գործակալության կողմից Հայաստանում իրականացվող ամենամեծ նախագիծը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ֆրանսիական «Դասո սիսթեմս» ու «Թալես» ընկերությունների հետ ընթացող երկխոսությանը: