Google-ը ստեղծել է աշխարհում ամենահզոր քվանտային համակարգիչը
ДругоеԱմերիկյան Google ընկերությունը հայտարարել է աշխարհում ամենահզոր քվանտային համակարգչի ստեղծման մասին, որն ի զորու է հաշվարկներ իրականացնել ամենաժամանակակից սուպերհամակարգիչների հնարավորությունների սահմաններից անդին, հայտնում է Financial Times պարբերականը: Այս մասին Google-ը տեղեկացրել է գիտական զեկույցում, որը կարճ ժամանակով տարածվել է NASA-ի կայքում, իսկ ավելի ուշ ջնջվել է:
Փաստաթղթում, որին հասցրել են ծանոթանալ պարբերականի լրագրողները, Google-ը հայտնել է այն մասին, որ իր գիտաշխատողներին հաջողվել է ստեղծել պրոցեսոր, որը հաշվարկ է կատարում 3 րոպե 20 վայրկյանում, ինչի համար աշխարհում գոյություն ունեցող ամենահզոր համակարգիչ՝ ամերիկյան IBM ընկերության «Սամիթը» մոտ 10 հազար տարվա կարիք կունենար:
Պարբերականը հայտնում է, որ հիշատակված համակարգն առայժմ կարող է միաժամանակ իկրականացնել միայն մեկ տեխնիկական հաշվարկ, բայց դեռեւս տարիներ կանցնեն, մինչեւ քվանտային համակարգիչները կկարողանան լուծել գործնական խնդիրներ: Սակայն մշակողներն իրենց աշխատանքի արդյունքները «լայնածավալ քվանտային հաշվողական գործընթացի ճանապարհին կարեւոր նշաձող են անվանում»:
Նրանք կանխատեսում են, որ քվանտային համակարգիչների հզորության մեծացումը բազմատիկ կմեծացնի Գորդոն Մուրի օրենքում նշված պրոգրեսիայի ցուցանիշները: Ըստ այս օրենքի՝ չիպում տրանզիստորների թիվը, իսկ նշանակում է նաեւ հաշվարկման խտությունը, պետք է կրկնապատկվի գրեթե 2 տարին մեկ: