Զարմիկի փոխարեն մենամարտած ինքնակոչ բռնցքամարտիկը մահացել է ռինգում (տեսանյութ)
ВидеоՎերջերս բռնցքամարտի աշխարհը ցնցվել է սարսափելի նորությունից. ռինգում մահացել է երիտասարդ բռնցքամարտիկը: Բայց շուտով դժբախտ միջադեպի վերաբերյալ նոր հանգամանքներ պարզվեցին. բռնցքամարտիկը եղել է ինքնակոչ: Այս մասին հայտնում է Mirror-ը:
Գործընկերներն արդեն իսկ սգում էին 21-ամյա բուլղարացի Իսուս Վելիչկովի մահը: Նշվում էր, որ նա մահացել է Ալբանիայի Շկոդերե քաղաքում տեղի ունեցած, ալբանացի Արդիտ Մուրջայի հետ բռնցքամարտի մենամարտի ժամանակ:
Մենամարտի հենց սկզբում Վելիչկովն անվստահ տեսք է ունեցել. մրցակցի ոչ այդքան ուժգին հարվածներից հետո վայր է ընկել և չի կարողացել շարունակել մենամարտը: Չնայած բժիշկների ջանքերին՝ բռնցքամարտիկը տեղում մահացել է:
Ենթադրվում է, որ մահը կարող է վրա հասած լինել մենամարտի հետ առնչություն չունեցող այլ պատճառներով:
Պարզվել է նաև, որ մահացած բռնցքամարտիկը ոչ թե Վելիչկովն է, այլ նրա զարմիկ Բորիս Ստանչևը, որն արդեն մի տարի է, ինչ հանդես է գալիս Վելիչկովի անձնագրով:
Բուլղարկան մամուլը չի պարզաբանում, թե ինչու է Ստանչևը հանդես եկել զարմիկի փաստաթղթերով: