Քոչարյանը ինձ չի կարող ստիպել հերքել ասածներս. Սիլվա Համբարձումյան
ПолитическиеԵրեւանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր դատավոր Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ «Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ գործարար Սիլվա Համբարձումյանի» քաղաքացիական հայցի քննության նախնական դատական նիստն էր, որը, սակայն, անցկացվեց առանց պատասխանող կողմի: Դատավոր Ավետիսյանը հայտարարեց, որ Սիլվա Համբարձումյանը, չնայած պատշաճ ծանուցվել է, բայց չի ներկայացել նիստին:
Այն մասին, թե ինչու Համբարձումյանը չի ներկայացել նիստին, պարզաբանել է ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը, ում հետ զրույցում Համբարձումյանը հավաստել է, որ իրեն չեն ծանուցել նիստի մասին:
«Նիստի ծանուցումը ես չեմ ստացել, նիստի մասին էլ քիչ առաջ լրատվամիջոցներից եմ իմացել ու զանգել եմ դատավորի օգնականին իմանալու, թե ինչպես է ստացվում, որ ես ոչ մի ծանուցում չեմ ստանում, բայց բոլոր լրատվամիջոցները պնդում են, թե ես պատշաճ ծանուցվել եմ ու ներկա չեմ եղել նիստին»,- ասաց Համբարձումյանը:
Համբարձումյանին դատավորի օգնականն ասել է, որ ծանուցագիրն ուղարկվել է թաղապետարան, այդ հիմքով էլ դատավորը հայտարարել է, որ նա ծանուցված է եղել:
«Թաղապետարանից էլ ոչինչ ինձ չի հասել: Ես դատավորի օգնականին խնդրել եմ հրապարակել, որ ոչ թե ես հրաժարվել եմ ներկայանալ նիստին, այլ չեմ ծանուցվել և տեղյակ չեմ եղել: Ես ինքս շատ կուզեի ներկա լինել նիստին, որ այն կայանար, որովհետև փախչելու պատճառ չունեմ: Այն ինչ ասել եմ, էլի կասեմ, և ոչ ոք չմտածի, թե Քոչարյանի պահանջով կարող եմ ինչ-որ բան հերքել: Էլի եմ ասում` մարտի 1-ի օրերին 2 մլն դոլար եմ փոխանցել Սամվել Մայրապետյանին»,- ասաց Սիլվա Համբարձումյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը դեռեւս 2018թ.-ին է քաղաքացիական հայց ներկայացրել Համբարձումյանի դեմ՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելու և երկու միլիոն ՀՀ դրամ փոխհատուցում բռնագանձելու պահանջներով:
Իսկ դատարան ներկայացված հայցի հիմքում Սիլվա Համբարձումյանի՝ 2018թ.-ի նոյեմբերի 2-ի մամուլի ասուլիսում հնչեցրած միտքն է. «Ես 2008թ.-ին խոշոր գործարք եմ արել արաբների հետ և ինձ չխանգարելու համար վճարել եմ հանրապետության նախագահին՝ Քոչարյան Ռոբերտին, Սերժ Սարգսյանին, Արմեն Գեւորգյանին…»: