Վերին Լարսի անցակետում խցանված մեքենաների հարցը դեռ չի լուծվել
SocietyՕրեր առաջ տեղեկացրել էինք Վերսին Լարսի անցակետում տիրող իրավիճակի մասին։ Հայ վարորդները դժգոհում էին, որ չեն կարողանում առաջ գնալ, և իրենց ոչ մի պարզաբանում չեն տալիս։ Կատարաված աշխատանքի, տիրող իրավիճակի ու գրանցած արդյունքների մասին ԼՈՒՐԵՐ․com-ի թղթակիցը խոսեց Էկոնոմիկայի նախարարության մամլո խոսնակ Աննա Օհանյանի հետ։
«Այս պահին խնդիրն ամբողջությամբ կարգավորված չէ։ Բեռնատարների սռնիները գերծանրաբեռնված են։ Տուգանքները սահմանվում են Ռուսաստանի Դաշնության իրավակարգավորումներով և դրանք հստակ չափորոշիչներ ունեն, այսինքն՝ եթե լինում է սռնիների գերծանրաբեռնվածություն կամ առհասարակ բեռների ծանրաբեռնվածություն, այդ դեպքում սահմանված չափով տուգանքներ են լինում»,- նշեց մամլո խոսնակը։
Ըստ Օհանյանի՝ հերթը նվազում է, բայց, այնուամենայնիվ, կա մեքենաների շարժի որոշակի ծանրաբեռնվածություն։
«Խնդիրը ՌԴ-ից դուրս եկող մեքենաներն են։ Վարորդների մեծ մասը չի ցանկանում տուգանվել։ Սակայն պետք է հիշել, որ ՌԴ-ը առաջնորդվում է իր օրենքներով։ Նրանք ստուգում են, թե արդյոք բեռնատարների ծանրաբեռնվածությունը համապատասխանում է սահմանաված նորմին, թե ոչ։ Տուգանքի չափը որոշողը ևս իրենք են։ Վարորդները տեսնելով, որ ոմանց տուգանում են, կանգնում են իրենց տեղում, արդյունքում հերթ է գոյանում»,- պարզաբանում է մամլո խոսնակը։
Ըստ Օհանյանի՝ եթե լինում են մասնավոր դեպքեր, երբ մեր վարորդները հանդիպում են օրենքի խախտման, ապա իրենք անմիջապես միջամտում են ու կարգավորում հարցը։
«Ամեն դեպքում, այս պահին էլ մեքենաները շարժվում են, հերթն աստիճանաբար նվազում է։ Մենք վերահսկում ենք իրավիճակը»,- խոսքն ամփոփելով՝ ասաց Օհանյանը։