ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի կնքումը մեկ քայլ առաջ է Սինգապուրի համար. Լի Սյեն Լու
ՔաղաքականԵվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի համաձայնագրի կնքումը մեկ քայլ առաջ է Սինգապուրի համար: Այս մասին հոկտեմբերի 1-ին Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստի արդյունքների ամփոփմանը նշեց Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սյեն Լուն:
«Մենք շատ ուրախ ենք այսօր մասնակցել Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստին: Մենք ուրախ ենք ԵԱՏՄ-ի հետ ստորագրել ազատ առևտրի համաձայնագիր, որը երկու տարուց ավելի ընթացած բանակցությունների արդյունքն է: Մեր խնդիրն էր բանակցությունների շնորհիվ փոխադարձ շահավետ պայմաններ ապահովել երկու կողմերի համար: ԵԱՏՄ-ի հետ այսպիսի համաձայնագիր կնքելը մեկ քայլ առաջ է մեզ համար: ԵԱՏՄ-ն մեծ շուկա է Ասիայի և Եվրոպայի խաչմերուկում, և ունի տնտեսական աճի մեծ հեռանկարներ»,- ասաց Սինգապուրի վարչապետը:
Սինգապուրի և Հայաստանի միջև ստորագրվել է Ծառայությունների, առևտրի ու ներդրումների մասին համաձայնագիր, որը վարչապետ Լի Սյեն Լուն կարևոր է որակել: