Կուտակումներ սահմանին․ զորավարժությո՞ւն, թե՞ պատերազմի նախապատրաստություն
ՀասարակությունՎերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին նորից լարված վիճակ է։ Զորավարժություններ են անցկացնում ինչպես Հայաստանը, այնպես էլ՝ Ադրբեջանը։
Տիրող իրավիճակի մասին ԼՈՒՐԵՐ․com-ի թղթակիցը զրուցեց ռազմական փորձագետ Վան Համբարձումյանի հետ։
«Պետք չէ լուրջ վերաբերվել սահմանին տիրող հարաբերական անդորրին։ Ադրբեջանական կողմն իրականացնում էր լայնամասշտաբ ինժիներական աշխատանքներ, ամրապնդում էին իրենց դիրքերը Նախիջևանից սկսած մինչև Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզը։ Ինժիներական աշխատանքները վերջացրին ու սկսեցին գնդակոծել»,- նշեց փորձագետը` հավելելով, որ Թուրքիան երկրորդ ռազմաբազան է ստեղծել Ադրբեջանում (առաջինը Նախիջևանում է)։ Բացի այդ՝ Թուրքիան զորավարժություն է անցկացրել Ադրբեջանում, իսկ զենքի մի մասը մնացել է այնտեղ։
«Այս հանգամանքից Ադրբեջանում շատ էին ոգևորվել։ Պատկերացրեք, որ Թուրքիան ԱՄՆ-ից հետո երկրորդ ամենահզոր զինված ուժեր ունեցող երկիրն է։ Բայց սա հարցի մի կողմն է. մյուս կողմից Ադրբեջանում նկատեցին,որ Հայաստանի և ՌԴ-ի հարաբերությունները լավագույն վիճակում չեն։ Իսկ Ադրբեջանին ու Թուրքիային զսպող կարևոր հանգամանքը հենց ՌԴ-ն է։ Հենց Ադրբեջանում տեսնում են, որ հայ-ռուսական հարաբերություններում ինչ-որ խնդիր կա, միանգամից ակտիվանում են»,-նշեց նա։
Համբարձումյանի խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցից հետ իրավիճակը լարվեց ոչ միայն Արցախի ուղղությամբ։ Կրակցներ եղան նաև Տավուշի ուղղությամբ։
«Այն բանից հետո, երբ ՀՀ վարչապետը ՌԴ նախագահին չդիմավորեց օդանավակայանում, Ադրբեջանում հասկացան, որ հայ-ռուսական հարաբերություներում ինչ-որ բան այն չէ։ Իսկ դրանից նրանք միշտ օգտվում են։ Ես կարծում եմ, որ ՌԴ-ի հետ Հայաստանը պետք է լավ հարաբերություններ ունենա կամ գոնե ցույց տա, որ խնդիրներ չունի»,- նշեց նա։
Ըստ փորձագետի՝ հայկական զինված ուժերը միայն վերջերս են բերվել այսպես կոչված մարտական առաջին պատրաստվածության։ Սա դժվար է համարել համարժեք պատասխան, քանի որ այդ ընթացքում Ադրբեջանում միառժամանակ երեքն էին ընթանում։
«Երբ սահմանին ուժեր են կուտակվում, երբեք չենք իմանա՝ դա զորավարժություն է, թե պատերազմի են նախապատրաստվում»,- խոսքն ամփոփելով` ասաց Համբարձումյանը։