Դիրքորոշումը միայն կողմ, դեմ կամ ձեռնպահ լինելը չէ. Վահե Էնֆիաջյան
PoliticalԲՀԿ խմբակցության անդամներ Իվետա Տոնոյանն ու Վահե Էնֆիաջյանը այսօր ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցների ընթացքում պատասխանել են լրագրողների հարցերին:Հարցերի մեծ մասը պայմանավորված էին երկրում տեղի ունեցող իրադարձություններով, վերաբերում էին Հրայր Թովմասյանի՝ Սահմանադրական դատարանի նախագահի լիազորություններից զրկելու մասին նախագծին, որը, առանց ԲՀԿ խմբակցության քվեարկության, ընդունվեց Ազգային ժողովում:
ԲՀԿ ներկայացուցիչ Իվետա Տոնոյանն, անդրադառնալով իրենց՝ քվեարկությանը չմասնակցելուն, ասաց. «Մենք բազմիցս ասել ենք, որ Հրայր Թովմասյանը մեր կուռքը չէ, մեզնից ոչ մեկը նրան չի երկրպագում: Մեր վերապահումը բացառապես «Իմ քայլը» խմբակցության կողմից ներկայացված փաստաթղթի իրավական ոչ լիարժեքությունն է: Մենք, սակայն դեմ կամ կողմ չենք քվեարկել այս փաստաթղթին, ինչով մենք կասկածի տակ չենք դրել «Իմ քայլը» խմբակցության՝ Հրայր Թովմասյանի կոմպետենտության վերաբերյալ կասկած ունենալու իրավունքը: Այսինքն մենք թողել ենք, որ իրենք հանդես գան իրենց նախաձեռնությամբ, ներկայացնեն իրենց հիմնավորումները և ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ միայն իրենց խմբակցության անդամների ձայները բավարար էին, որպեսզի նրանք դիմեին Սահմանադրական դատարան այս հարցը քննության առարկա դարձնելու համար»:
Այս մասով Վահե Էնֆիաջյանը հավելեց.«Դիրքորոշումը միայն կողմ դեմ կամ ձեռնպահ լինելը չէ, կարող ես նաև չմասնակցել քվեարկությունը: Մենք օգտվել ենք մեր իրավունքից»:
Փաստաթղթի թույլ իրավական հիմնավորումների և այդ նախագծով օրենքի խախտման մասին խոսեց Իվետա Տոնոյանը. «Երբ մենք խոսում ենք այս փաստաթղթի՝ իրավական առումով խոցելի լինելու մասին, մեկ շատ կարևոր հանգամանք պիտի հաշվի առնենք: ԱԺ կանոնակարգ օրենքի109-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն խորհրդարանն ու խմբակցությունները Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները դադարեցնելու նախաձեռնությամբ կարող են ՍԴ դիմել կարգապահական խախտումն արձանագրելուց հետո, երկշաբաթյա ժամկետում: Հունիսի 21-ից անցել է երկար ժամանակ, այս դեպքում անցել են բոլոր տեսակի ժամկետները, նախագիծը ժամանակավրեպ է: Ինչ վերաբերվում է Հրայր Թովմասյանին ասեմ, որ, եթե «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը նկատի Հրայր Թովմասյանի գործողությունների հետ կապված կարգապահական որևէ խախտում, խմբակցությունն ինքը նմանատիպ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես կգա, մեզ ոչ ոք ու ոչինչ չի կաշկանդում»:
Այն հարցին, թե արդյոք ԲՀԿ-ն այս հիմնավորմամբ դիմել է «Իմ քայլը» խմբակցությանը կամ նախագծի թույլ կողմերի մասին փորձել է քննարկումներ իրականացնել իշխող խմբակցության հետ, Էնֆիաջյանը պատասխանեց. «Մենք ի սկզբանե ասացինք, որ, եթե իշխող խմբակցության համար այդքան սկզբունքային էր, որ խորհրդարանում լիներ կոնսենսուս, կարելի էր նախօրոք քննարկումներ կազմակերպել, որպեսզի մենք ընդհանուր որոշման հանգեինք: Բայց եկեք ընդունենք, որ խորհրդարանում բազմակարծությունը նորմալ է ու չպիտի այսքան քննարկումների առիթ դառնար կամ քաղաքական ենթատեքստ դրվեր այս ամենի տակ: Ես գործընկերոջս խոսքին եմ միանում և վստահեցնում՝ մեզ ու մեր գործողությունները չեն սահմանափակվում»: