Ով է եղել 1 դեմը. գաղտնիքը չի բացահայտվի
PoliticalՀրայր Թովմասյանին Սահմանադրական դատարանի նախագահի լիազորություններից զրկելու մասին նախագիծը ՍԴ ուղարկելու որոշումը ԱԺ-ում ընդունվեց ձայների 98 կողմ, 1 դեմ բաշխմամբ այն դեպքում, երբ «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարել էր, որ որոշման հանդեպ իրենց թիմում կոնսենսուս կա, և բոլորը կողմ են քվեարկելու նախագծին: Նույնատիպ հայտարարությամբ հանդես էր եկել քվեարկությանը մասնակցած «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:
Այնուամենայնիվ փակ, գաղտնի քվեարկության արդյունքում մեկ պատգամավոր դեմ է քվեարկել նախագծին, և 2 քվեաթեթիկ էլ անվավեր է ճանաչվել:
Այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին հարց ուղղվեց այն մասին, թե արդյոք իրենց խմբակցությունը չի փորձել պարզել, թե որ խմբակցությունից է եղել այդ մեկ պատգամավորը, ով դեմ է գնացել թիմային որոշմանն ու դեմ է քվեարկել նախագծին:
Վարդանյանը պատասխանեց, որ այս հարցը կրում է հակասահմանադրական բնույթ.«Գաղտնի քվեարկության ամբողջ տրամաբանությունը կայանում է նրանում, որ անձը իր խղճի առջև է միայն որոշում կայացնում, և չկա ոչ մի իրավունք վերահսկել այդ գործընթացը: Որևիցե հետաքննություն չի կարող և չպիտի անցկացվի որևէ գաղտնի քվեարկության պարագայում»:
Այս մասով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պնդեց, որ իրենց խմբակցությունից ներկա են եղել 15 պատգամավոր, 15-ն էլ կողմ են քվեարկել: