Աննա Դանիբեկյանը հեռացավ խորհրդակցական սենյակ
RightՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը քննող, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին պաշտպան Հայկ Ալումյանի ներկայացրած ինքնաբացարկի միջնորդության առնչությամբ որոշում կայացնելու համար դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ:
Որոշումը կհրապարակվի հոկտեմբերի 7-ին՝ ժամը 16:45-ին:
Ալումյանը նիստի ժամանակ նշել էր, որ առկա են մի շարք հանգամանքներ, որոնք բացառում են Դանիբեկյանի՝ որպես դատավորի մասնակցությունը տվյալ դատական գործին։ Պաշտպանի պնդմամբ՝ ինքնաբացարկի հիմքերը երկուսն են. սույն գործը քննելու համար Ա․Դանիբեկյանը չի կարող պատշաճ դատավոր համարվել և նա կանխակալ բացասական վերաբերմունք ունի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։
Միջնորդության դեմ մեղադրող կողմն առարկել էր առ այն, որ ինքնաբացարկի հիմքեր չկան: Դատախազներից Պետրոս Պետրոսյանը, անդրադառնալով Ալումյանի այն հիմնավորմանը, թե գործի մակագրման ընթացքին պաշտպանական կողմը չի մասնակցել, ասել էր` պաշտպանական կողմը չէր մասնակցել նաև գործը դատավոր Դավիթ Գրիգորյանին մակագրելու ընթացքին, բայց նրան նման հիմնավորմամբ ինքնաբացարկի միջնորդություն չէր ներկայացվել: