Վերլուծվում են ռազմավարական զորավարժության արդյունքները
ՀայաստանՀՀ պաշտպանության նախարարությունն ու Զինված ուժերի գլխավոր շտաբը նախատեսում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ վերլուծել Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացված «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» թեմայով լայնածավալ ռազմավարական զորավարժության արդյունքները:
Այս մասին հոկտեմբերի 8-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:
«Պլանավորված է մի քանի վերլուծականներ իրականացնել բոլոր օղակների ստորաբաժանումների հետ: Խնդրել ենք վարչապետին իր գլխավորությամբ իրականացնել արդյունքների ամփոփում երկրի պատրաստվածության մակարդակի հետ կապված: Կարևոր փուլ է մեկնարկում՝ վերլուծելու բոլոր արդյունքները, իրականացնելու համապատասխան հետևություններ»,- ասաց Դավթյանը:
Սեպտեմբերի 24-ին ժամը 06:00-ին ստացվել է ՀՀ կառավարության որոշումը՝ ՀՀ-ում պայմանականորեն ռազմական դրություն հայտարարելու մասին: Զինված ուժերի կառավարման մարմիններն ու զորքերը կարգադրական կարգով բերվել են մարտական պատրաստության լրիվ աստիճանի:
«Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» թեմայով լայնածավալ ռազմավարական զորավարժության նպատակներն են ՀՀ զինված ուժերի ծավալման և մարտական կիրառման պլանների գործնական ստուգումը, ներգրավված ուժերի և միջոցների մարզումը, զորահավաքային խնդիրների կատարման ուղղությամբ ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ԶՈՒ ղեկավարման օղակներին և զորահավաքային ռեսուրսներին գործնական փորձի հաղորդումը, զորավարժություններին ընդգրկված ուժերի, միջոցների, զորահավաքային մարմինների և ռեսուրսների հնարավորությունների ուսումնասիրումն ու ճշգրտումը, շտաբների գործողությունների ներդաշնակումը:
Զորավարժության ընթացքում ԶՈՒ տարբեր ստորաբաժանումների կողմից իրականացվել են պայմանական նշանակետերի խոցումներ՝ մարտական կրակի կիրառմամբ: Զորավարժություններն ընթացել են մինչև հոկտեմբերի 5-ը: