Ամեն օր կարող են նոր հարցեր առաջանալ․ Մհեր Գրիգորյանը՝ գազի սակագնի մասին
EconomyՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը չի կարծում, որ Ռուսաստանից Հայաստան ներկրվող գազի սակագնի վերաբերյալ բանակցությունները երկար կձգվեն:
Այս մասին Գրիգորյանն ասաց հոկտեմբերի 9-ին լրագրողների հետ զրույցում՝ վստահություն հայտնելով, որ գազի սակագնի հարցը քննարկվել է նաև Երևանում հոկտեմբերի 1-ին կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի առանձնազրույցի ընթացքում:
«Վստահ եմ, որ շոշափվել է այդ խնդիրը, չեմ կարծում, որ ավելի որոշակի է դարձել գնի հետ կապված, որովհետև ես բազմիցս նշել եմ, որ մեր սակագինը բաղկացած է առնվազն երեք կարևորագույն, ֆունդամենտալ բաղադրիչներից` գինը սահմանին, ներդրումային ծրագիրը «Գազպրոմ-Արմենիայի» և նրա ընթացիկ ծախսերը: Երեք ուղղություններով էլ բանակցություններն ընթանում են: Ես կարծում եմ, որ շատ երկար չեն տևի բանակցությունները, բայց ամեն օր կարող են նոր հարցեր առաջանալ»,- ասաց Գրիգորյանը: