Գործադիրը հաստատեց ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թթ. ռազմավարությունը
RightՀՀ կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը։ Այն կառավարության հոկտեմբերի 10-ի նիստում ներկայացրեց Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը:
«Ռազմավարությունում նախատեսված են արմատական փոփոխություններ՝ հատկապես դատական համակարգի արդյունավետության, անկախության և դատական իշխանությունում կոռուպցիայի դեմ պայքարի բնագավառներում: Ռազմավարությունը մշակելիս հաշվի են առնվել ՀՀ դատական իշխանության և իրավական համակարգի առկա խնդիրները, միջազգային կառույցների և քաղաքացիական հասարակության դիտողությունները և առաջարկությունները, դատաիրավական բարեփոխումների միջազգային առաջադեմ փորձը, որոնց հիման վրա սահմանվել են Ռազմավարության ընդհանուր նպատակը, դրանից բխող առանձին ռազմավարական նպատակները և դրանց համապատասխան ռազմավարական ուղղությունները»,- ասաց Գրիգորյանը:
Ռազմավարության հիման վրա կազմվել են երեք գործողությունների ծրագրեր՝ կարճաժամկետ (2019 թվականի 2-րդ կիսամյակից մինչև 2020 թվական), երկարաժամկետ (2021 թվականից մինչև 2023 թվականը) և էլեկտրոնային արդարադատության հարթակի ստեղծման և տվյալների էլեկտրոնային բազաների մատչելիության ապահովման վերաբերյալ առանձին գործողությունների ծրագիր (2019 թվականի 2-րդ կիսամյակից մինչև 2023 թվականը):