Լեհաստանում «Օրենք և արդարություն» կուսակցությունը հայտարարել է հաղթանակի մասին
ԱշխարհԿիրակի օրը Լեհաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններում, նախնական արդյունքներով, հաղթում է իշխող ուժը՝ «Օրենք և արդարություն» ազգայնական-պահպանողական կուսակցությունը, որը գլխավորում է Յարոսլավ Կաչինսկին: 43,6 տոկոս քվեներով Կաչինսկիի առաջնորդած ուժը կստանա Սեյմի 460 տեղերից 239-ը, ինչը հնարավորություն կտա ինքնուրույն ձևավորել կառավարություն: Այս մասին հայտնում է BBC-ն:
«Մենք հաղթեցինք»,-այս մասին հայտարարել է Յարոսլավ Կաչինսկին` դիմելով իր կուսակցության անդամներին:
«Մեզ սպասվում է չորս տարվա աշխատանք: Լեհաստանը պետք է փոխվի, փոխվի դեպի ավելի լավը»,-ասել է նա:
«Քաղաքացիական կոալիցիա» կենտրոնամետ միավորումը զբաղեցնում է երկրորդ տեղը՝ ստանալով ձայների 27,4 տոկոսը:
Ընդհանուր առմամբ Լեհաստանի խորհրդարան են անցնում հինգ քաղաքական ուժեր, ընտրություններին մասնակցության ցուցանիշը ռեկորդային է՝ 61 տոկոս: