ԲՀԿ-ն «Իմ քայլին» միանալու կաշկանդվածություն չունի. Սերգեյ Բագրատյան
PoliticalԲՀԿ խմբակցության համար անսպասելի չէր ՍԴ երեկվա որոշումը, որով մերժվեց Ազգային ժողովի դիմումի հիման վրա՝ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործի քննությունը: Այդ մասին ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում:
«Մենք հիմնավորումներ էինք ներկայացրել այն մասին,որ իրավական թերություններ ունի փաստաթուղթը և առաջարկել էինք ուժեղացնել հիմքերը: Սակայն փաստաթուղթը փոփոխության չենթարկվեց, ուղարկվեց քննության և մերժվեց ՍԴ-ի կողմից նույնիսկ վարույթ ընդունելը»,-ասաց Բագրատյանը:
«Իմ քայլի» մի շարք պատգամավորներ պնդում են, որ նոր նախաձեռնությամբ հանդես կգա խմբակցությունը և անպայման Հրայր Թովմասյանին ՍԴ-ի դատավորի լիազորություններից զրկելու մեխանիզմ կգտնի: Այս մասով նպատակին հասնելու համառության տակ Բագրատյանը քաղաքական ենթատեքստ գտնել չցանկացավ. «Նախագծի հեղինակները պնդում են, որ այն բացառապես իրավական է, և ես չեմ ցանկանում քաղաքական ենթատեքստ փնտրել: Նույնիսկ, եթե քաղաքական միտում էլ կա, այն պիտի լավ փաթեթավորվի իրավական հիմքերով»:
Այն հարցին, թե ինչ դիրքորոշմամբ հանդես կգա ԲՀԿ-ն արդեն նոր նախաձեռնության դեպքում, պատգամավորը պատասխանեց. «Մենք ամեն առիթով ասել ենք, որ որևէ կաշկանդվածություն չունենք այս պրոցեսը իրավական ճանապարհով առաջ տանելու: Ոչինչ չի փոխվել մեր այդ հայտարարության մեջ: Եթե նոր նախաձեռնությունը իրավաբանորեն հստակ ապացուցելի հիմքերով փաստաթուղթ լինի, մենք որևէ խնդիր չենք ունենա միանալու»: