Հայաստանում նախատեսվում է կառուցել արտաքին տնտեսական գործունեության սպասարկման երկու կենտրոն
ՏնտեսությունՍիսիանում և Գյումրիում նախատեսվում է 3 տարվա ընթացքում կառուցել արտաքին տնտեսական գործունեության սպասարկման երկու կենտրոն:
Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պետական եկամուտների նախագահ Դավիթ Անանյանը:
«ՊԵԿ-ի զարգացման ռազմավարական ծրագրով նախատեսվում է, որ այդպիսի երկու կենտրոն պետք է լինի Հայաստանում՝ հյուսիսային և հարավային: ԱՏԳ սպասարկման կենտրոնները կառուցվելու են այն տարածքում, որտեղ հիմա ավտոմաքսատան գործառույթն է կենտրոնացվելու: Նախատեսված է, որ այդ կենտրոնը պետք է գործի 21 հա-ի վրա, այս պահին միայն 6 հա-ն է իրացվում»,- նշեց Անանյանը:
Նրա խոսքով՝ ԱՏԳ սպասարկման կենտրոնները պետք է ներմուծում և արտահանում իրականացնող բոլոր տնտեսվարողներին ծառայություններ մատուցեն մեկ պատուհանի սկզբունքով:
«Դրանից ելնելով՝ Երևանում ընդհանրապես մաքսային ձևակերպումներ չեն լինելու, Արարատյան մաքսատուն չի լինելու: Այսօր ընդհանուր մաքսային ձևակերպումների 80 տոկոսը կենտրոնացած է Երևանում: Կառավարությունը ՊԵԿ-ի միջոցով ցանկանում է տարածքային զարգացման ծրագիր իրականացնել, այսինքն՝ Երևանից բեռնաթափվում է ամբողջ բիզնեսը և գնում է հյուսիս ու հարավ»,- ընդգծեց ՊԵԿ նախագահը:
Անանյանը լրագրողի այն հարցին, արդյոք մարդիկ լրացուցիչ ծախսեր չե՞ն անի մաքսային ձեւակերպումների համար, բացասական պատասխան տվեց: Նա նշեց, որ Գյումրիի ավտոմաքսատունը 158 կմ է հեռու Բագրատաշենի մաքսակետից, 115 կմ՝ Գոգավանից, 56 կմ՝ Բավրայից:
«Ներմուծում և արտահանում իրականացվող երեք ակտիվ մաքսակետին Գյումրու ԱՏԳ սպասարկման կենտրոնն ավելի մոտ է, քան Երևանը: Սրա իմաստը Գյումրիում աշխուժություն մտցնելն է և համապարփակ ծրագրի մի մասը: Հետագայում անհատները գուցե այնտեղ պահեստներ բացեն, բիզնեսի մի մասն էլ տեղափոխեն»,- ասաց Անանյանը:
ՊԵԿ նախագահը նշեց, որ 2019 թվականի նոյեմբերի սկզբին կլինի ավարտված ավտոմաքսատուն՝ գերժամանակակից տեխնիկայով: