Վիրավորում ստացած ոստիկանը դուրս է գրվել հիվանդանոցից
ОбществоՕրեր առաջ Երևանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով վիրավորված ոստիկան Արմեն Հակոբյանը դուրս է գրվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը:
«Նա իրեն լավ է զգում: Հիշելով ընկերոջը` զոհված ոստիկան Տիգրան Առաքելյանին, Արմենն ասաց, որ դեպքի օրը Տիգրանը խոսել է կյանքի կարճ լինելուց` այն համեմատելով թիթեռի կյանքի հետ: Տիգրանը խորհուրդ է տվել Արմենին գնահատել իր ունեցածն ու սիրել մարդկանց: Նկարում բուժող բժիշկ Ալեքսանդր Վարոսյանն է», - նշում է Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ի գիշերը՝ ժամը 04․30-ի սահմաններում, ոստիկանները «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտ նկատել են երկու անձի։ Վերջիններս տեսնելով պարեկային մեքենան՝ փախել են։ Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց և Ազատության պողոտայում բռնել։ Բռնված անձինք դիմադրել են։ Այդ ընթացքում նրանցից մեկը խլել է ոստիկաններից մեկի հաշվեցուցակային ատրճանակն ու կրակել նրանցից մեկի վրա, ինչպես նաև ատրճանակի բռնակով հարվածել մյուս ոստիկանին։ Վերջիններս դեպքի վայրից դիմել են փախուստի։ Ծառայողական պարտականությունները կատարելիս սպանվել է Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկան, 38-ամյա Տիգրան Առաքելյանը, ևս մի ոստիկան՝ Արմեն Հակոբյանը, վիրավորում է ստացել և տեղափոխվել հիվանդանոց։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Պարզվել էր առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը: Նրանք եղբայրներ են՝ ծնված 2003 և 2001 թթ.: Վերջիններս ձերբակալվել են: