Էական հակասություններ չեն եղել. Վլադիմիր Գասպարյանի փաստաբանը՝ առերեսման մասին
RightՔննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակում ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը մեկ անգամ հրավիրվել է, մեղադրանք են առաջադրել, մեկ անգամ էլ հրավիրվել է առերեսման, որին մասնակցել է։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Գասպարյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
«Իրավունք չունեմ ասելու, թե ում հետ է եղել առերեսումը։ Միայն կարող եմ ասել՝ իր նախկին ենթականերից մեկի հետ»,- նշեց Աթանեսյանը։
Թեև փաստաբանը հրաժարվեց անուն հնչեցնել, սակայն մեր տեղեկություններով Վլադիմիր Գասպարյանն առերեսվել է 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ (Ալեքսանդր) Սարգսյանի թիկնապահների հետ, որոնք ևս անցնում են գործով։
Փաստաբանի խոսքով՝ հարցաքննության և առերեսման ժամանակ էական հակասություններ չեն եղել․ «Ընդամենը այդ առերեսումն է եղել։ Կարծում եմ, որ նախաքննության ավարտը կլինի քրեական հետապնդման դադարեցումը՝ հանցակազմի բացակայության հիմքով»,- ասաց նա։
Անդրադառնալով Վլադիմիր Գասպարյանի դիրքորոշմանը՝ փաստաբանն ասաց՝ ինչպես բազմիցս նշել է իր պաշտպանյալը, այս ամենը դիտարկում է երկրում տիրող ընդհանուր իրավական նիհիլիզմի համայնապատկերի մեջ։
Փաստաբանը տեղեկացրեց նաև, որ դատարանում վիճարկել են Գասպարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու որոշումը և սպասում են դատական նիստին։
Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք էր առաջադրվել՝ իշխանությունը ենթադրյալ չարաշահելու վերաբերյալ։ Սեպտեմբերի 25-ին նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից ցուցում տրվեց՝ փոփոխել Վլադիմիր Գասպարյանին առաջադրված մեղադրանքը և նոր մեղադրանք առաջադրել՝ առանձնապես խոշոր չափերի վատնում կատարելու համար:
Հիշեցնենք, որ քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Վլադիմիր Գասպարյանը, 1997-2010 թթ․ զբաղեցնելով ռազմական ոստիկանության պետի, այնուհետեւ՝ մինչեւ 2011թ. նոյեմբերը՝ ՀՀ պաշտպանության փոխնախարարի պաշտոնը, տեղյակ լինելով, որ ՀՀ ՊՆ զորամասի 3 զինծառայողներ, համապատասխանաբար, 2001, 2004, եւ 2009թթ.-ից, նշված զորամասում հրամանագրված լինելով որպես ռազմական ոստիկան, նշանակման օրվանից չեն ներկայանում զինծառայության, դրա փոխարեն կատարում են այլ աշխատանք, այն է՝ նրանցից մեկը աշխատել է որպես ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր՝ Լյովա Սարգսյանի վարորդ, իսկ երկուսը՝ Ալեքսանդր Սարգսյանի թիկնապահներ, անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, նշված անձանց բարեհաճ վերաբերմունքին արժանանալու համար, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները՝ թույլ է տվել վերը նշված ծառայողներին կատարել իրենց կարգավիճակից չբխող աշխատանքներ: Արդյունքում, չկատարելով իրենց բուն գործառույթները և չհաճախելով զորամաս, զինծառայողները չեն ազատվել զբաղեցրած պաշտոններից, ինչի հետևանքով նրանց ՀՀ պետական բյուջեից անհիմն վճարվել է ընդհանուր 21.691.481 ՀՀ դրամ՝պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերով վնաս:
Սոնա Հարությունյան