Այս իշխանությունների հետ մենք միայն հրաժարականի ժամանակացույցը կարող ենք քննարկել. Արամ Հարությունյան
PoliticalԱյսօր ԱԺ-ում ընթանում էին «Կուսակցությունների մասին սահմանադրական օրենք, առկա խնդիրները եւ փոփոխությունների շրջանակը» թեմայով խորհրդարանական լսումներ: Թեմայի շուրջ ԼՈՒՐԵՐ․com-ի թղթակիցը զրուցել է «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի հետ։
«Մեզ հրավիրել էին մասնակցելու այդ լսումներին, բայց ես ասել եմ, որ այս իշխանությունների հետ մենք միայն հրաժարականի ժամանակացույցը կարող ենք քննարկել։ Այս քաղաքական մեծամասնությունը բարոյական իրավունք չունի ընդհանրապես որևէ օրենքի նախագիծ ներկայացնելու և առավել ևս անցկացնելու»- նշեց նա։
Հարությունյանը վստահ է, որ այս ամենն ուղղակի իմիտացիոն պրոցես է, և իշխանությունը փորձելու է ամեն ինչ իրեն հարմարեցնել․«Եթե մենք այս ամենը գիտենք ու հասկանում ենք, ինչո՞ւ մասնակցենք նման քննարկումներին»։
«Այս իշխանությունների հետ անիմաստ է։ Անիմաստ եմ համարում նրանց հետ համագործակցելը։ 5-րդ շարասյունը եկել է իշխանության գլուխ և իրենց նպատակը Հայաստանը թուլացնելը, քայքայելը, վարկաբեկելն է։ Հասկանո՞ւմ եք` Արցախն ու Հայաստանն են պառակտում։ Ի՞նչ քննարկենք այդ մարդկանց հետ։ Ո՞նց կարելի է այդ մարդկանց հետ ինչ-որ բան քննարկել։ Այս իշխանության օրերը հաշված են»,- եզրափակեց Հարությունյանը: