«Օպել»-ի վարորդը վրաերթի է ենթարկել մի խումբ անձանց. նա կալանավորվել է (տեսանյութ)
ВидеоՀոկտեմբերի 3-ի գիշերը Նոր Խարբերդի 16-րդ փողոցից «Էրեբունի» բժշկական կենտրոն էին տեղափոխվել 35-ամյա մի տղամարդ ու 20-ամյա մի երիտասարդ։ Նրանց վրաերթի ենթարկած վարորդը, «Օպել»-ը թողնելով դեպքի վայրում, հեռացել էր։
Մեքենան տեղափոխվեց ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։ Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզեցին ոչ միայն վարորդի ինքնությունը, այլև դեպքի վերաբերյալ նոր հանգամանքներ:
Ավագ օպերլիազոր Արծրուն Միքայելյանի խոսքով՝ հետախուզական միջոցառումների արդյունքում օպերատիվ տվյալներ են ստացել, որ «Օպելը» վարած 30-ամյա տղամարդն ու վրաերթի ենթարկված անձինք դեպքից մի քանի րոպե առաջ վիճել են, որն ուղեկցվել է փոխադարձ հարվածներով։ Այս միջադեպից հետո 30-ամյա տղամարդը իր «Օպելով» դիտավորյալ ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով վրաերթի է ենթարկել Նոր Խարբերդի 16-րդ փողոցում հավաքված անձանց։
Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց՝ երկու կամ ավելի անձանց սպանության փորձի ու խուլիգանության հատկանիշներով։ Հետագա միջոցառումներով Շենգավիթի քրեական հետախույզները հայտնաբերեցին «Օպել»-ի վարորդին ու կասկածանքով բերման ենթարկեցին բաժին։ Նոր Խարբերդի բնակիչ, 30-ամյա տղամարդը ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվեց։ Հոկտեմբերի 19-ին նա կալանավորվեց ու տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ։
Նախաքննությունը շարունակվում է։