Հնդկաստանի ագրարային համալսարանները հետաքրքրված են Հայաստանի հետ համագործակցությամբ
Наука и культураՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը հանդիպել է Հնդկաստանի ագրարային և ճարտարագիտական համալսարանների ներկայացուցիչների հետ, որոնք Հայաստան են ժամանել գյուղատնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության հնարավորություններն ուսումնասիրելու նպատակով: Ինչպես հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պատվիրակության կազմում էր նաև Հնդկաստանի առևտրատնտեսական կազմակերպության նախագահ Ասիֆ Իքբալը:
Հանդիպման սկզբում հյուրերը համառոտ ներկայացրել են Հնդկաստանի գյուղատնտեսության ներկա վիճակը, առկա ներուժը, զարգացման միտումները, կիրառվող բարձր տեխնոլոգիաներն ու ագրարային բնագավառի թվայնացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:
Հայաստանի հետ փոխգործակցության հնարավոր ուղղությունների թվում պատվիրակության անդամները մասնավորապես մատնանշել են գինեգործության, էկոտուրիզմի և գյուղատնտեսական խորհրդատվության ոլորտները:
Երկուստեք ընդգծվել է փորձի փոխանակման կարևորությունը գյուղատնտեսական կրթության բարձր մակարդակի ապահովման և մասնագետների վերապատրաստման հարցում: Առաջարկ է հնչել ուսումնասիրել համատեղ գիտական նախագծերի մշակման հնարավորությունը, ինչը փոխշահավետ կլինի թե' հնդկական և թե' հայկական կողմի համար: Առանձին անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում ներդրումային ծրագրերի իրականացմանը:
Զրուցակիցները պայմանավորվել են հանգամանորեն ուսումնասիրել երկկողմ համագործակցության համար առավել նպատակահարմար ուղղությունները և ներկայացնել համապատասխան առաջարկներ ու դիտողություններ: