Հրայր Թովմասյանի հետ առնչվող ևս մեկ անձի են ձերբակալել. փաստաբանը սա համարում է խայտառակություն
ОбществоՔիչ առաջ ձերբակալել են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ՝ Նորայր Փանոսյանի փեսայի եղբորը: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցին ասաց Նորայր Փանոսյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը և գործից հակիրճ մանրամասներ ներկայացրեց.
«Սա խայտառակություն է: Սեփականատերը լիազորագիր է տվել այդ մարդուն, որ վարձավճարը հավաքի ու փոխանցի, ինչը և արել է: Հիմա դրա համար ձերբակալել են: Սեփականատերը օրինական սեփականատեր է, որը մասնավորից գնել է տարածքը: Ամեն ինչ օրենքի սահմանում է եղել՝ ըստ պայմանագրի ու լիազորագրի: Ուղղակի ցանկանում են այս գործով հնարավորինս շատ մարդ կալանավորել, որ այդպես ազդեն Հրայր Թովմասյանի վրա»,- նշեց փաստաբանը:
Ըստ Աթանեսյանի՝ եթե Նորայր Փանոսյանը Հրայր Թովմասյանի սանիկն է ու միասին աշխատել են, հնարավոր է հասկանալ, թե ինչու են թիրախավորել. «Սակայն այս մարդը ազգակցական ոչ մի կապ չունի: Նույնիսկ չգիտեմ՝ երբևէ Հրայր Թովմասյանին անձամբ հանդիպե՞լ է: Սա խայտառակություն է, ռեպրեսիվ հարձակում, այստեղ օրենք գոյություն չունի»:
Հիշեցնենք, որ Նորայր Փանոսյանը ձերբակալվել է սեպտեմբերի 28-ին: Քննչական կոմիտեն հայտնել էր, որ տվյալներ են ձեռք բերվել Նորայր Փանոսյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի վերաբերյալ:
Ձերբակալության մասին լուրը մեզ հետ զրույցում հերքեց Նաիրա Հարությունյանը: Վերջինիս խոսքով՝ այդ գործով որևէ անձ ձերբակալված չէ:
Լուսինե Մարդոյան