Հեղափոխական դրամաշնորհներ. որտեղի՞ց են «սնվում» գերատեսչությունները
АналитическийՎերջին ամիսներին հանրության շրջանում հաճախ է խոսվում հեղափոխական կառավարության ստացած միջազգային դրամաշնորհներից: Այս կառավարությունը անգամ անվանեցին գրանտակեր, հաշվի առնելով դրամաշնորհների այն ծավալները, որոնք հաջողացրել է գործադիրը ստանալ անցած մեկ տարվա ընթացքում: Սակայն արդյո՞ք իրական պատկերը այդքան տպավորիչ է:
Դիցուք մինչ այս տարվա ավարտը 574 մլն. դրամ Հայաստանը ստանալու է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) աջակցությամբ իրականացվող տեղական ինքնակառավարման բարեփոխման դրամաշնորհային ծրագրի շրջանակներում:
Համաշխարհային հիմնադրամի (The Global Fund) աջակցությամբ իրականացվող «Հայաստանում տուբերկուլյոզի դեմ պայքարի ուժեղացում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում նախատեսվում է ստանալ 1.64 մլրդ դրամ: Եվս 800 միլիոն դրամ Համաշխարհային հիմնադրամը կտրամադրի «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ազգային ծրագրի» իրականացման համար:
ԵՄ օժանդակությամբ իրականացվող Հայաստանի տարածքային զարգացման դրամաշնորհային ծրագրի նպատակով նախատեսվում է ստանալ 2,126 մլրդ. դրամ:
ԵՄ հարևանության ծրագրի ներդրումային օրգանի աջակցությամբ իրականացվող «Երևանի կոշտ թափոնների կառավարման» դրամաշնորհային ծրագրի նպատակով նախատեսվում է ստանալ 683 մլն. դրամ:
Վերջին ամիսներին սկանդալ ծագեց նաև առողջապահության նախարարության շուրջ: Պարզվեց, որ նախարարությունը Գարդասիլ 4 պատվաստանյութի ներդրման համար դրամաշնորհ է ստացել. նման խոստովանություն արել է ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչ Գայանե Սահակյանը, իսկ խոսքը 203 հազար դոլարի մասին է:
Բացի այդ, կա տեղեկություն, որ չարաբաստիկ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դիմաց էլ կառավարությունը կլոր գումար է ստանալու միջազգային ֆոնդերից:
ՀՀ Կառավարությունից նույն ժամանակահատվածում դրամաշնորհներ ստացած բոլոր ՀԿ-ները հիմնականում զբաղվում են Հայաստանում ազգային փոքրամասնությունների և նրանց մշակույթի պահպանությանն ուղղված նախաձեռնություններով (դրանցից են, օրինակ, «Եզդիների ազգային միություն», «Տևտոնիա» գերմանացիների մշակութային ՀԿ-ները և այլն): Ընդ որում, նույն ՀԿ-ները միևնույն կամ մեկ այլ ծրագիր իրականացնելու համար դրամաշնորհ են ստացել և՛ 2017-ին, և՛ 2018-ին։ Որոշ հասարակական կազմակերպություններ դրամաշնորհներ են ստացել մի քանի անգամ, ինչպես «Կինոյի զարգացման «Ոսկե ծիրան»» ՀԿ-ն, որին առանձին դրամաշնորհներ է տրամադրվել «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի կազմակերպման համար` մասնավորապես բացման արարողության, արտասահմանցի հյուրերի ընդունման և այլ ծախսերի նպատակով:
Միևնույն ժամանակ պետք է փաստել, որ կառավարության ստացած արտասահմանյան գրանտների չափի հետ չի կարող մրցել ոչ միայն որևիցե առանձին վերցված ՀԿ, այլ անգամ բոլոր ՀԿ-ները միասին վերցված: Հայաստանի բոլոր ՀԿ-ները միասին վերցված անգամ չեն էլ երազում նման չափի գումար ստանալու մասին՝ տարեկան 60-70 միլիոն դոլարի գրանտով «յոլա» գնալով: Եվ ողջ խնդիրը ոչ թե դրամաշնորհներ ստանալու հանգամանքն է, այլ այն կասկածները, որ կառավարությունը դրամաշնորհները հաճախ ծախսում է ոչ թե ժողովրդավարության զարգացման ու մարդու իրավունքների պաշտպանության, այլ ճիշտ հակառակի համար…