20 տարի առաջ այս օրը՝1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վրա կատարվել է ահաբեկչական գործողություն, որը տեղի է ունեցել հերթական նստաշրջանի կառավարությանը հարց ու պատասխանի ժամանակ՝ կառավարության անդամների ներկայցությամբ։ Ահաբեկչական խմբի գործողությունների արդյունքում զոհվել են ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և 6 այլ պետական գործիչներ ու ԱԺ պատգամավորներ, 8 մարդ վիրավորվել է, իսկ 91-ը՝ գերեվարվել։
Սպանվածների դիակները խորհրդարանի շենքից դուրս բերվեցին միայն ուշ երեկոյան: Մինչ այդ, ահաբեկիչները որոշակի պահանջներ էին ներկայացնում ու անընդհատ կանչում այդ ժամանակ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Նաիրի Հունանյանի հետ միայնակ, դեմառդեմ հանդիպեց այն ժամանակվա գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, և մինչ օրս հայտնի չէ, թե ի՞նչ են խոսել։ Մինչ օրս հասարակական – քաղաքական շրջանակներում այդ հանդիպումը բազում հարցականների և կասկածների տեղիք է տալիս:
91 մարդ, այդ թվում պատգամավորներ և լրագրողներ պատանդ էին պահվում խորհրդարանի նիստերի դահլիճում: Պատանդներն ազատ արձակվեցին հոկտեմբերի 28-ի առավոտյան:
ՆաիրիՀունանյանը, ԿարենՀունանյանը, Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը Էդիկ Գրիգորյանն ու Աշոտ Կնյազյանը դատապարտվեցին ցմահ ազատազրկման: 2004 թվականի ապրիլի 27-ին մենախցում՝ հոսանքահարվելու հետևանքով մահացավ Վռամ Գալստյանը: