ՌԴ-ԱՄՆ. ինչի՞ կհանգեցնեն Փաշինյանի մանեւրերը
ՎերլուծականՌուսական «Կոմերսանտին» ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տված վերջին հարցազրույցը կարելի է դասել ռուսական կողմին սիրաշահելու՝ Հայաստանի իշխանությունների անհաջող փորձերի շարքին: Այո, Փաշինյանը մեսիջներ հղեց Կրեմլին, որ Հայաստանը չի պատրաստվում արձագանքել զենք գնելու՝ Արևմուտքից հնչող առաջարկներին, ԱՄՆ փողերով էլ կառուցված լաբորատորիաները, ստորագրվելիք մեմորանդումի համաձայն, հասանելի են լինելու ռուսական կողմին և, իհարկե, Փաշինյանը չմոռացավ հերթական անգամ շնորհակալություն հայտնել Պուտինին՝ Սիրիայի հայ համայնքին պաշտպանելու համար:
Ուշագրավն այստեղ այն հանգամանքն է, որ ամեն անգամ ռուսական կողմին սիրաշահելուց առաջ կամ հետո Հայաստանի իշխանությունները պարտադիր կատարում են հակառուսական և պրոարևմտյան քայլ կամ հայտարարություն: Օրինակ, ընդամենը օրեր առաջ, Հայաստանի սորոսականների դեսանտը ԱՄՆ-ում ցեխ էր շպրտում ՌԴ վրա: Դա արվում էր առանց Փաշինյանի իմացությա՞ն. իհարկե՝ ոչ: Դրան հաջորդում է Փաշինյանի ջերմ հարցազրույցը «Կոմերսանտին», որտեղ ՌԴ-ն ներկայացվում է գրեթե միակ ու անփոխարինելի դաշնակից, ընդ որում, բոլոր ոլորտներում: Կամ, ինչու ոչ, Փաշինյանը հանգիստ կարող է նույն սորոսականների օգնությամբ Պուտինի Երևան ժամանելու օրը հակառուսական պիկետ կազմակերպել, այնուհետև շտապել օդանավակայան ՌԴ նախագահին ճանապարհելու և ջերմ հարաբերությունները ընդգծելու համար: Փաշինյանը կարող է Սիրիա մարդասիրական առաքելություն ուղարկել, սակայն մյուս կողմից էլ՝ ՆԱՏՕ-ից ինչ-ինչ ֆինանսական օժանդակություն ակնկալել:
Փաշինյանը փորձում է իրագործել այն ասիմետրիկ կոմպլիմենտար արտաքին քաղաքականությունը, որի դոկտրինալ հիմքը դրվել էր դեռևս Ռոբերտ Քոչարյանի կառավարման շրջանում, սակայն Փաշինյանի փորձը մինչ օրս միայն փորձանքի է հանգեցնում: Այո, արտաքին քաղաքականության մեջ լուրջ ռևերսներ չեղան հեղափոխությունից հետո, և այս հարցում Փաշինյանը չի ստում, սակայն փոխարենը եղան ռևերանսներ, երբ պաշտոնական Երևանը փորձում էր նստել միանգամից երկու աթոռի վրա, արդյունքում՝ մենք թե′ արևմուտքի, թե′ Ռուսաստանի համար այլևս վստահելի գործընկեր լինել չենք կարող: Գուցե կողմնորոշվելու ժամանա՞կն է…