Դպրոցի տնօրենի աշխատանքային պայմանագիրը լուծվել է աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու պատճառով. Արագածոտնի մարզպետ
ԲլոգոսֆերաԱրագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«25.10.2019թ. թիվ 135 կարգադրությամբ Արագածոտնի մարզի Փարպի համայնքի Ղ. Փարպեցու անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Նորիկ Արշակյանի աշխատանքային պայմանագիրը լուծվել է աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու պատճառով:
Դպրոցի տնօրենի լիազորությունների դադարեցման համար հիմք է հանդիսացել տնօրենի գործողությունների հետևանքով պետությանը խոշոր չափի՝ 4.600.000 դրամ նյութական վնաս պատճառելը:
Մասնավորապես, Ն. Արշակյանը 2002 թվականից աշխատանքի է ընդունել Է. Գյոզալյանին, ով 2002թ.-ից ի վեր դպրոցում զբաղեցրել է տարբեր հաստիքներ, սակայն նա աշխատանքի չի հաճախել այնքան, որքան վարձատրվել է դրա համար:
Թեպետ պատճառված վնասը վերականգնվել է, դրանից դպրոցի տնօրենի նկատմամբ առաջացած անվստահությունը չի նվազել:
Հաշվի առնելով, որ պետությանը զգալի չափերի նյութական վնաս պատճառած պաշտոնյան, որը որպես հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավար կորցրել է իր վստահությունը գործատուի (այս դեպքում ՀՀ Արագածոտնի մարզպետարանի՝ ի դեմս մարզպետի) մոտ, որոշում է կայացվել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113 և 122 հոդվածներով սահմանված հիմքերով վաղաժամկետ լուծել գործատուի և աշխատողի միջև կնքված աշխատանքային պայմանագիրը:
Հաշվի առնելով, որ նշված դեպքի քննությունը գտնվում է իրավապահ մարմինների վարույթում, նախաքննության գաղտնիությունը չխախտելու նպատակով, այլ մանրամասներ այժմ ենթակա չեն հրապարակման:Մարզպետարանի ենթակայության բոլոր կազմակերպությունների ղեկավարներին խստիվ հորդրում եմ զերծ մնալ իրավախախտ գործունեությունից, բացառել ցանկացած ֆինանսական կամ այլ չարաշահման դեպք»: