Զոհրաբ Մնացականյանը Շվեդիայի Միջազգային զարգացման եւ համագործակցության նախարարին ներկայացրել է ՀՀ հավակնոտ օրակարգը
ArmeniaԱրեւելյան գործընկերության 10-ամյակին նվիրված նախարարական երկխոսությանը մասնակցելու նպատակով նոյեմբերի 4-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի՝ Ստոկհոլմ կատարած աշխատանքային այցը մեկնարկեց Շվեդիայի Միջազգային զարգացման եւ համագործակցության նախարար Փիթեր Էրիքսոնի հետ հանդիպումով։
ԱԳՆ-ից հայտնում են, որ զրուցակիցները հանգամանալից անդրադարձ կատարեցին հայ-շվեդական երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակի: Զոհրաբ Մնացականյանը եւ Փիթեր Էրիքսոնն ընդգծեցին փոխադարձ պատրաստակամությունը` գործնական քայլեր ձեռնարկելու երկկողմ համագործակցության առավել ընդլայնման եւ հարստացման ուղղությամբ՝ հույս հայտնելով, որ երկկողմ բազմաոլորտ հարաբերությունների վերընթաց զարգացումը կհանգեցնի առավել շոշափելի արդյունքների: Այս առնչությամբ կարեւորվեց տարբեր մակարդակներում առկա քաղաքական երկխոսության դինամիկայի պահպանումը, խորհրդարանական հարթակի ներուժի լիարժեք կիրառումը:
Որպես ավանդական թիրախային ուղղություններ` առանձնացվեցին նորարարության, բարձր տեխնոլոգիաների, ստեղծագործ կրթության բնագավառում փորձի փոխանակումը, առողջապահության, զբոսաշրջության ոլորտները, ինչպես նաեւ աղբի վերամշակման ուղղությամբ համագործակցության խթանումը։ Զոհրաբ Մնացականյանը եւ Փիթեր Էրիքսոնն ուղենշեցին այլընտրանքային եւ վերականգնվող էներգիայի արտադրության բնագավառում համագործակցության հեռանկարները: Կարեւորվեց Հայաստանի եւ Շվեդիայի միջեւ նաեւ մարզային փոխգործակցության խթանումը:
Նախարարներ Մնացականյանը եւ Էրիքսոնը կարեւորեցին ԵՄ եւ ԵՄ անդամ երկրների հետ իրավական նոր հենք հանդիսացող Հայաստան-Եվրամիություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը:
Նախարար Մնացականյանը Փիթեր Էրիքսոնին ներկայացրեց Հայաստանում իրականացվող բարեփոխումների հավակնոտ օրակարգը՝ վերահաստատելով կառավարության հստակ հանձնառությունն՝ ուղղված ժողովրդավարական ինստիտուտների կարողությունների ամրապնդմանը, օրենքի գերակայության ապահովմանը եւ կոռուպցիայի դեմ պայքարին: Այդ գործընթացում Զոհրաբ Մնացականյանը բարձր գնահատեց Շվեդիայի կառավարության կողմից ցուցաբերված շարունակական աջակցությունը: Երկուստեք կարեւորվեց Հայաստանի հետ Շվեդիայի զարգացման համագործակցության երկկողմ ծրագրի մեկնարկը:
Հանդիպման ավարտին զրուցակիցները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի շուրջ: