ԻՊ գրոհայիններն ԱՊՀ-ում էքսպանսիա են պատրաստում. ԱԴԾ տնօրեն
WorldԱՊՀ հատուկ ծառայությունները նկատում են Աֆղանստանում «Իսլամական պետության» ստորաբաժանումների ակտիվության աճ, որոնք ծրագրում են էքսպանսիա ԱՊՀ երկրներում: Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք ֆիքսում ենք Աֆղանստանում «Իսլամական պետության» ստորաբաժանումների ակտիվության աճ, դրանք միավորվել են այսպես կոչված «Վիլայաթ Հորասան» ճյուղում: Դրա հետ սերտ կապի մեջ են «Ջամաաթ Անսարուլլահը» եւ «Արեւելյան Թուրքեստանի իսլամական շարժումը»: Նրանց նպատակն ԱՊՀ տարածքում էքսպանսիան է»,- ասել է Բորտնիկովը:
Նրա տեղեկություններով՝ ենթադրվում է, որ այդ էքսպանսիան կիրականացվի Կենտրոնական Ասիայի հանրապետությունների քաղաքացի գրոհայինների կողմից:
Բորտնիկովի խոսքով՝ ահաբեկիչները գիտակցում են, որ պարտվել են Սիրիայի եւ Իրաքի տարածքում, այդ պատճառով իրենց ուժերը տեղափոխում են Մերձավոր Արեւելքից: Նրանք նոր անկայունության գոտիներ են ստեղծում Ասիայում եւ Աֆրիկայում եւ Եվրոպայում քնած բջիջների ցանցեր են ձեւավորում: