Պետք է լիներ հավաքականի գլխավոր մարզչի առաջադրում և քվեարկություն ՀՖՖ գործկոմում. Արսեն Թորոսյան
ՍպորտՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Աբրահամ Խաշմանյանի նշանակման հարցը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի անդամների հետ չի քննարկվել: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամ, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Մենք խնդիր ունենք, որպեսզի բոլոր ընթացակարգերը ճիշտ պահպանվեն: Մեզ հետ որևէ քննարկում չի եղել, ինչը այսօրվա գործող կոնոնադրությամբ պետք է լիներ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակումը, կարելի է ասել, որ ամենակարևոր հարցերից մեկն է, ինչն այսօրվա կանոնադրությամբ վերապահված է գործկոմին. այսինքն՝ պետք է լիներ առաջադրում, քվեարկություն, նշանակում, բայց այդ ամեն ինչը տեղի չի ունեցել»,- մանրամասնեց Թորոսյանը:
Նա հավելեց, որ այս հարցով հետագա քայլերի մասին, եթե լինեն այդպիսիք, հավելյալ կտեղեկացնեն: