Արդյոք Արթուր Վանեցյանն ու Միքայել Մինասյանը բաժնեմաս ունեն պղնձամոլիբդենային կոմբինատում
Տնտեսություն«Մենք, որպես ընկերություն, պարտավորություն ենք զգում և կրելու ենք տարվա վերջին մեր բաժնետերերի ցանկը հասանելի դարձնել հանրությանը, որը մենք արել ենք ժամանակից շուտ։ Այսինքն՝ մենք մեր պարտավորությունը կատարել ենք»։
Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մհեր Պոլոսկովը: Նա նաև նշեց, որ անցած ամիս իրենք գործընթաց են ունեցել. «Տեղաբաշխեցինք պարտատոմսերը, որը մեր առաջին քայլն էր։ Մեր նպատակն է ընկերությունը բաց, հասանելի դարձնել ոչ միայն հասարակությանը, ընդհանրապես, այլև՝ ֆինանսական շուկաներին: Մենք նախատեսում ենք առաջիկայում ընկերությունը տանել բաց բաժնետիրական ընկերության ֆորմատի: Նախ, դա կանենք Հայաստանի օրենքի շրջանակում և տեղի ֆինանսական շուկայում, իսկ մյուսը քայլը՝ համաշխարհային շուկայում կլինի»։
Տնօրենի առաջին տեղակալ Նարեկ Ամբարյանն էլ, անդրադառնալով բաժնետերերի հարցին, ասաց, որ կոմբինատի բաժնետերերը չորսն են, ովքեր իրավաբանական անձինք են. «Զանգեզուրի պղինձամոլիբդենային կոմբինատը մասնավոր ընկերություն է և այն պահից, երբ ՀՀ կառավարությունը մասնավորեցրել է կոմբինատը, նա այս ձեռնարկությունը թողել է ազատ նավարկության: Այն կարգավորվում է բացառապես ՀՀ օրենսդրության կարգավորումներով: Մնացած, թե ով ում հետ է փոխկապակցված, չի վերաբերում կոմբինատի մենեջմենթին»:
Ըստ տնօրենի՝ իրենք պատասխանատու են կոմբինատի աշխատանքի համար, բնապահպանական խնդիրների համար, հարկերի վճարման համար, աշխատակիցների աշխատավարձը շուկայից ոչ պակաս ու ավելի վճարելու համար:
Նշենք, որ նախկինում կային խոսակցություներ, թե Արթուր Վանեցյանն ու Միքայել Մինասյանը բաժնեմաս ունեն կոմբինատում։
Ամբարյանը, անդրադառնալով բաժնետերերի հարցին, ասաց. «Երբ կոմբինատը դարձել է մասնավոր հիմնարկ, այն կարգավորվում է միայն ՀՀ օրենսդրության սահմանափակումներով։ Կոմբինատի բաժնետերերը, որոնք 4-ն են, արդեն 6 տարի և ավելի է ոչ մի դրամ եկամուտ չեն ստացել այս հիմնարկի աշխատանքից»:
Պոլսոկովը նաև ավելացրեց․ «Մենք տեսե՞լ ենք որևէ պաշտոնյաների բարեկամների, որոնք մեզ ցուցում տան՝ ոնց աշխատենք։ Ո՛չ, չենք տեսել»: