Ռուսաստանի քաղաքական էլիտան փոխել է Հայաստանի նկատմամբ ունեցած վերաբերմունքը. Նորայր Նորիկյան
БлогосфераՓաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ռուսաստանի քաղաքական էլիտան փոխել է Հայաստանի նկատմամբ ունեցած վերաբերմունքը՝ այն չպայմանավորելով որևէ անձի ունեցած ներկայիս կարգավիճակով։
Ռուաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այցը որակապես այլ հարթության վրա է դնում հայ-ռուսական հարաբերությունները։
Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո Ռուսաստանի բարձրագույն իշխանության կողմից Հայաստանի և նրա ղեկավարի նկատմամբ սկզբնական փուլում դրսևորվում էր ակնհայտ ու բացահայտ անվստահության վարքագիծ, ինչը, մեծ հաշվով, խոսում էր գոյություն ունեցող քաղաքական ճգնաժամի մասին:
Նույն Սերգեյ Լավրովի ոչ դիվանագիտական արձագանքները, Վլադիմիր Պուտինի ջերմ շնորհավորանքները Ռոբերտ Քոչարյանին, պաշտպանության նախկին նախարար Մ. Հարությունյանի նկատմամբ Ռուսաստանի տարածքում հետախուզման դադարեցումը, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի վերաբերյալ դրսևորած վարքագիծը առավել քան խոսուն փաստեր էին՝ հանգելու հետևության, որ Ռուսաստանը կասկածանքով ու անվստահությամբ է մոտենում Հայաստանում ստեղծված նոր իրադրության և իշխանափոխության փաստի հետ:
Թեև Հայաստանից հնչեցված այն բազմաթիվ հայտարարություններին, որ Հայաստանում իրականացված գործընթացները որևէ ձևով ուղղված չեն և չեն կարող ուղղված լինել Ռուսաստանի դեմ, որ դա ինքնիշխան Հայաստանի ներքին գործն է, որ Հայաստանն արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխության հարց չի դրել և դնում։
Այս ամենով հանդերձ, առիթ ունեցել եմ արձանագրել, որ Ռուսաստանի հետ ունեցած հարաբերություններում պետք էր դրսևորել չափից դուրս նրբանկատություն ու պրագմատիզմ՝ ելնելով բացառապես Հայաստանի պետական ու ազգային շահերից:
Այդ շահերը պահանջում են անել առավելագույնը՝ թույլ չտալու համար, որ մեր տարածաշրջանում Ռուսաստանը հարկադրված լինի այլ դաշնակիցներ որոնել ու գտնել՝ քաջ գիտակցելով, որ այդպիսի գործընթացը լինելու է ի վնաս Հայաստանի ազգային ու պետական շահերի՝ դրա անկանխատեսելի և վատթարագույն հետևանքներով հանդերձ:
Մենք իրավունք չունենք տարածաշրջանում կորցնել մեր դիրքերը, մանավանդ, որ բոլոր թերություններով հանդերձ, ինքներս ենք եղել տարածաշրջանում օրակարգ թելադրողը:
Համենայնդեպս, Արցախի հակամարտության ողջ գործընթացի տրամաբանության համատեքստում աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնները մինչ օրս հաշվի են նստել հայկական կողմի արձանագրած փառահեղ ռազմական արդյունքի հետ, իսկ դա, համաձայնե՛ք, շատ կարևոր հանգամանք է պետության նկատմամբ ունեցող վերաբերմունքի առումով:
Այս համատեքստում ինչպես առաջ, այնպես էլ հիմա առավել քան համոզված եմ, որ անհրաժեշտ է վերբեռնել հայ-ռուսական հարաբերությունները՝ նրանց հետ խոսելով լրիվ անկեղծ և ներկայացնել Հայաստանի սուվերեն հետաքրքրություններն ու մեր ժողովրդի իրական տրամադրվածությունը:
Հիմա արդեն կարող ենք արձանագրել, որ հայ-ռուսական հարաբերություններում բովանդակային առումով էական տեղաշարժ է արձանագրվել։
Ս․ Լավրովն այսօր շատ կարևոր հայտարարություններ է արել Արցախի հակամարտության կարգավորման վերաբերյալ՝ արձանագրելով, որ առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, նրա բնակչության անհնար կլինի ձևակերպել որևէ համաձայնություն: Հայաստանն ուղղակի չի ստորագրի՝ միաժամանակ ընդգծելով, որ ժամանակին ՀՀ նախագահներից մեկը որոշում է ընդունել, որ ԼՂ շահերը կներկայացնի Երևանը։
Ակնհայտ է, որ Ս․ Լավրովի ակնարկը վերաբերվում է Ռոբերտ Քոչարյանին, բայց առավել քան ուշագրավ է Ռուաստանի դիրքորոշման հստակեցումը Արցախի վերաբերյալ։
Սա արդեն բոլորովին այլ ուղերձ է և խոսում է այն բանի մասին, որ Երևանին հաջողվել է Ռուսաստանի հետ խոսել փոխադարձ ընդունելի լեզվով, իսկ Ռուսաստանի քաղաքական էլիտան էլ փոխել է Հայաստանի նկատմամբ ունեցած վերաբերմունքը՝ այն չպայմանավորելով որևէ անձի ունեցած ներկայիս կարգավիճակով»: