Լավրովի նախազգուշացումը՝ Սերժ Սարգսյանի ակտիվացման ֆոնին
ՎերլուծականՌուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Երեւանում իր հայաստանցի գործընկերոջ հետ մամուլի ասուլիսին, անդրադառնալով բանակցությանն Արցախի մասնակցության հարցին, արել է ուշագրավ հայտարարություններ: Նա մասնավորապես ասել է, որ Արցախը եղել է բանակցության մասնակից, սակայն «ինչ-որ փուլում Հայաստանի ղեկավարներից մեկը» որոշել է, որ Հայաստանը պետք է ներկայացնի Արցախին: Շատ վերլուծաբանների կարծիքով Լավրովի այս ակնարկը ուղղված էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և դրանով ռուսական կողմը ակնարկում էր, որ չի պատրաստվում աջակցել Քոչարյանի քաղաքական ամբիցիաներին:
Սակայն ուշագրավ է, որ հասարակության ուշադրությունից վրիպել է Լավրովի հայտարարություններում առկա մեկ այլ տողատակային մեսիջ, այս անգամ ուղղված ոչ թե Ռոբերտ Քոչարյանին, այլ Սերժ Սարգսյանին: ՌԴ արտգործնախարարը փաստացի ֆիքսել է այն պահը, որից հետո հայ-ռուսական հարաբերությունները մտան լարվածության փուլ: Դա Արևմուտքի կուռացիայի ներքո օրակարգ մղված հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման հետևանքն էր, իսկ արձանագրությունները, ինչպես գիտենք, եղել են հենց Սերժ Սարգսյանի քաղաքական նոու-հաուն: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նամակ-վերլուծության մեջ փորձ էր արվում ռուսական կողմի ուշադրությունը գրավել ՝ ապրիլյան հեղափոխության իրական շահառուների և Սերժ Սարգսյանի միջև առկա համագործակցության վերաբերյալ ակնարկներով:
Լավրովի այս հայտարարությունը Քոչարյանի նամակի, ինչպես նաև ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի ակտիվացման ֆոնին անչափ ուշագրավ քաղաքական երանգ է ստանում: Փաստացի ռուսական կողմը հաստատում է, որ երկրորդ նախագահը այնքան էլ հեռու չէր իրականությունից և, եթե նախկինները փորձեն ազդեցություն գործադրեն և դրդեն Փաշինյանին կատարել ձեռք բերված պայմանավորվածությունները, այն է՝ Հայաստանը կտրել ռուսական ծիրից և տանել արևմտյան ծիր, ապա իրենք պատրաստ են էլ ավելի մեծ ծավալի աջակցություն ցուցաբերել Նիկոլ Փաշինյանին, հատկապես, որ վերջինս ամեն ինչ անում է ռուսական կողմի սիրտը շահելու և իր համար քաղաքական դիվիդենտներ ձեռք բերելու համար: