Կպառկցնենք ասֆալտին ու կտանք պատերով, թող ականջներին օղ անեն. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
ՔաղաքականՈւզում եմ շատ հստակ արձանագրել, որ մեր քաղաքական թիմը ձևակերպել է քաղաքական խնդիր, որ Հայաստանում քրեական ենթամշակույթի քարոզչությունը և հերոսացումը պետք է արմատախիլ արվի, որովհետև դա կոռուպցիայի ամենամեծ ուղեկիցն է:
Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Մովսիսյանի այն հարցին, թե արդյոք միայն իրավական կարգավորումները բավարար են` քրեական ենթամշակույթն արմատախիլ անելու գործում:
Նշենք, որ Կառավարության կողմից հեղինակած` ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել քրեական պատասխանատվություն քրեական աստիճանակարգության բարձրագույն աստիճան տալու, վերցնելու կամ պահպանելու, կամ քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու համար:
«Սկսենք ամենապրիմիտիվ բանից, որ եթե որևէ պետական հիմնարկից, օրինակ` դպրոցից գողություն է արվում, չարաշահում է արվում, այդ չարաշահումը պարզելու, բացահայտելու ամենապարզ ձևը որն է` որ, օրինակ, երեխաները, որ տեսնում են, դրա մասին հայտնեն: Ի՞նչ է տալիս քրեական ենթամշակույթը, թե դուք «գործ տվո՞ղ» եք»,-ասաց վարչապետը` նշելով, որ այդ ամենն արվում է տարբեր տեղերում։
«Եթե մարդիկ, այդ թվում` քաղաքական գործիչներ, այդ թվում` պատգամավորներ, որոնք մտածում են, թե այս հարցում կոմպրոմիսներ են լինելու, և որոնք մտածում են` այս օրենքի հետ կապված կարող են միջնորդավորված ձևով պատգամավորի սպառնալ, օրինակ` հարցի հարակից զեկուցողներին, ուղիղ ասում եմ` կպառկեցնենք ասֆալտին: Հանկարծ մտքներով չանցնի, կպառկեցնենք ասֆալտին և կտանք պատերով` բառիս բուն իմաստով: Որևէ մեկը չփորձի, նախկին կլինի, ներկա կլինի, որ, ասենք հանրապետության երկրորդ քաղաքի կեսը թալանել է, հիմա մտածի, թե կարող է թպրտալ, կտանք պատերով, կպառկեցնենք ասֆալտին: Թող ականջներին օղ անեն, եթե օղ չեն անի, այդ տեսարանները դուք կտեսնեք իրականում»,-ասաց Փաշինյանը: